Դիմակ կրելը պարտադիր է, բայց բաց տարածքում զբոսնելիս՝ ոչ. փոխնախարար

«Դիմակ ունենալը պարտադիր է, բայց դա չի նշանակում, որ եթե զբոսնում եք բաց տարածքում և ձեր կողքը որևէ մեկը չկա, պետք է պարտադիր կրել այդ դիմակը»,- այս մասին այսօր կառավարությունում տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը՝ անդրադառնալով պարետի որոշումներին։

Նա միաժամանակ նշեց, որ պարետի որոշմամբ, հանրային բաց տարածքներում դիմակի առկայությունը պարտադիր է: Սա նշանակում է՝ բոլոր այն մարդիկ, որոնք տանից դուրս են գալիս, պետք է դիմակ ունենան։

«Դիմակն անհրաժեշտ է, եթե դուրս եք եկել տանից ու պետք է օգտվեք օրինակ տրանսպորտից, կամ մտնեք որևէ խանութ: Տրամաբանությունը  հետևյալն է. դիմակի և այլ պաշտպանիչ միջոցների առկայությունը պարտադիր են՝ կախված նրանից, թե ինչ նպատակով եք տանից դուրս եկել: Դա միայն արվում է նրա համար, որ հնարավորինս նվազեցվի համավարակի տարածումը»,- ասաց Վարոս Սիմոյանը։

Նա միաժամանակ նշեց, որ խոսքը վերաբերում է առողջությանը, ուստի բոլորը պետք է հետևեն համակեցության կանոններին։ «Այս կանոնները պահպանելով հնարավորություն կունենանք նվազագույնի հասցնել համավարակի տարածումը»,-հավելեց փոխնախարարը։

Share: