Հնարավոր է՝ Women’s Club նախագիծը եթերում լինի այլ ձևաչափով. մեկնաբանում է պրոդյուսերը

Մեկուսացման մասնակի ավարտից հետո հեռուստատեսային մի քանի նախագիծ շարունակում են նկարահանումները։ Թե երբ եթերում կլինի Women’s Club-ի նոր եթերաշրջանն ու ինչով է հիմա զբաղված նախագծի ստեղծագործական անձնակազմը, Tert.am Life-ի հետ զրուցում պարզաբանել է պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանը։

Այս օրերին նրանք ակտիվ քննարկում են եթեր վերադառնալու տարբերակները։

«Դեռ չեմ կարող հստակ ասել, թե երբ ենք վերսկսելու նկարահանումները, որովհետև ձևաչափի հետ կապված հարցեր կան։ Մասնակիցներ ունենք, որոնք երկրում չեն, բացի այդ, հանդիսատեսով նկարահանումներ դեռ չենք կարող իրականացնել։ Հետևաբար կշարժվենք այն տրամաբանությամբ, որ վերադառնանք եթեր, երբ թատրոնները կվերաբացվեն։ Այլ տարբերակ կամ այլ հստակ բան հիմա կդժվարանամ ասել»,- նշեց Վլադիմիրը։

Հարցին՝ հնարավո՞ր է նկարահանումներ իրականացնեն առանց հանդիսատեսի, պրոդյուսերը պատասխանեց․ «Բազմիցս քննարկել ենք այդ տարբերակը, բայց եկանք այն եզրահանգման, որ չարժե։ Մեր ձևաչափի դեպքում առանց հանդիսատեսի շատ արհեստական է նայվելու։ Լավ է ժամանակավոր ուրիշ բան անենք, քան ակումբային ձևաչափը դատարկ դահլիճով նկարահանենք»։

Հարցին՝ թե ինչ են նախատեսում նկարահանել, պրոդյուսերը պատաախանեց․ «Գուցե այլ ձևաչափով ներկայանանք, մինչև հնարավորություն լինի վերադառնալ մեր ավանդական ձևաչափին։ Օնլայն պրոդուկտ ներկայացնելու պահը կորցրել ենք, եթե սկզբում չենք արել, հիմա արդեն անիմաստ է։ Թե ինչ կանենք, դեռ քննարկման փուլում է։ Մտքերը շատ տարբեր են։ Տեսանկարահանման ձևով կարող ենք վերադառնալ՝ օգտագործելով հայտնի կերպարները կամ բոլորովին նոր տարբերակ ընտրենք»։

Share: