Անահիտ Ադամյանը` «Ну-ка, все вместе!» ռուսական շոուում իր եւ եղբոր հաղթանակի մասին

Անահիտ եւ Բորյա Ադամյանները գրանցել են նոր հաղթանակ: Instagram-ում իրենց cover կատարումներով հայտնի քույրն ու եղբայրն այս անգամ դարձել են ռուսական «Россия 1» հեռուստաալիքի «Ну-ка, все вместе!» շոուի հատուկ թողարկման հաղթողները, որտեղ մասնակիցները երեխաներ էին: Մրցույթում նրանց ուղեկցում էր մայրիկը՝ Մարգարիտա Ղազարյանը: Նա եւ Անահիտը NEWS.am STYLE–ին մանրամասներ են հաղորդել մրցույթի մասնակցության, հաղթանակի եւ էմոցիաների մասին:

«Սա տվյալ շոուի առաջին մանկական թողարկումն էր: Ինձ հետ կապ հաստատեցին Instagram-ի միջոցով եւ Անահիտին ու Բորյային հրավիրեցին Մոսկվա՝ մասնակցելու նախագծին: Ճիշտն ասած՝ Անահիտին հրավիրում էին, որպես ժյուրիի անդամ, իսկ Բորյային մասնակցելու համար, բայց քանի որ Բորյան հատուկ երգացանկ չունի, ես հայտնեցի, որ նա երբեք միայնակ չի երգել, միշտ Անուլի հետ է երգել, այդպիսով՝ որոշվեց, որ երեխաները կներկայանան դուետով»,-պատմում է Մարգարիտան:

Անահիտն ու Բորյան մրցույթում ներկայացել են All The Right Moves երգով: Մարգարիտան հայտնեց, որ երգն ընտրվել էր մրցույթի վոկալի մասնագետների օգնությամբ.

«Երբ արդեն հաստատվեց մեր մասնակցությունը, իրենց վոկալի ուսուցչուհին մեզ հետ կապվեց եւ տեսազանգի միջոցով սկսվեցին պարապմունքները: Երեխաները ցույց տվեցին, թե ինչ երգեր ունեն իրենց երգացանկում, ուսուցիչն էլ իր խորհուրդներով կիսվեց, առաջարկեց երգը, երեխաները հավանեցին այն: Անուլը լավ գիտեր ադ ստեղծագործությունը, Բորյային երգը ծանոթ չէր, բայց մի քանի օրում նա էլ սովորեց»:

Անահիտն ու Բորյան կարճ ժամանակ առաջ մասնակցել են նաեւ Մաքսիմ Գալկինի «Лучше всех» նախագծին. ռուսական հեռուստատեսությունում քույր եւ եղբայր դուետին արդեն լավ են ճանաչում: Նրանց մայրիկի խոսքով` դա եւս նպաստել է, որ երեխաներն ավելի անկաշկանդ ելույթ ունենան:

«Ռուսական հեռուստատեսությունում Անահիտն ու Բորյան արդեն բավական հայտնի են: Դա զգացինք նաեւ «Մոսֆիլմ»-ում հյուրընկալվելիս, շատ-շատերը մոտենում էին, շփվում նրանց հետ: Տարբեր նախագծերում մասնակցելն, իհարկե, օգնում է. երեխաներն ավելի մեծ փորձ են ձեռք բերել այս ընթացքում, հատկապես՝ Բորյան, որովհետեւ Անուլն ավելի վաղուց է երգում: Ամեն դեպքում, այդ նախագծերն օգնում են, որ բեմում ավելի ազատ լինեն, չկաշկանդվեն»:

Share: