Հայաստան բժշկական դիմակների նոր խմբաքանակ է ներկրվելու

Բժշկական դիմակների խնդիր ունեն աշխարհի բազմաթիվ երկրներ,  առկա է դիմակների համաշխարհային դեֆիցիտ: Այս մասին մարտի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Դիմակներ չկան շատ երկրներում կամ եթե կան, ապա եղածը թանկացել է: Այստեղ անհրաժեշտություն կա մեծացնել դիմակների արտադրության հզորությունը: Մեր կարիքների համար մենք ներկրել են 165 հազար դիմակ, առաջիկայում 50 հազար էլ կներկրենք: Դրանք առաջին հերթին խիստ անհրաժեշտ են բժշկական հաստատություններում»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Նա նկատեց, որ քննարկվում է Հայաստանում դիմակների արտադրություն կազմակերպելու հարցը, սակայն գործարարները հասկանում են, որ հնարավոր է բռնկումները շուտով վերանան, և այդ դեպքում իրացման խնդիր կլինի: Նախարարն ընդգծեց, որ բոլոր հնարավոր աշխատանքներն արվում են քաղաքացիների համար դիմակների հասանելիությունն ապահովելու համար:

«Մեկ անգամ ևս ուզում եմ նշել, պետք չէ փողոցում քայլելիս դիմակներ կրել: Այն անհրաժեշտ է կրել, եթե շփվում եք շնչառական վիրուսով մարդու հետ: Կամ պետք է դիմակ կրի հենց շնչառական վիրուս ունեցող քաղաքացին»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է դիմակների գներին, ապա Արսեն Թորոսյանը նշեց, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն իր գործիքակազմով հսկում է, որ արհեստական աճ չլինի: Նախարարը նաև նկատեց, որ «շուկայում սպեկուլյացիաներ կան»:

Share: