
Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Վահե Լորենցը:
«Խոսքեր չեմ գտնում ասելու․․․ Եղբայր, Ընկեր, Հայ․․․ Մա՛րդ․․․
Դառը, շատ դառը կորուստ․․․ գիտության համար, ազգի՛ համար, մարդկությա՛ն համար․․․
Ճանաչածս ամենալուսավոր, ամենաազնիվ, ամենաանաչառ մարդկանցից մեկը․․․»,- գրել է նա:
SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ Կարապետյանը հիվանդ էր, թեև հույս կար, որ կապաքինվի: Վերջինս քաղցկեղ ուներ, բայց նաև առողջական մի շարք այլ խնդիրներ էին ի հայտ եկել: Կարապետյանին հիվանդանոց են տեղափոխել գիշերը, այսօր կեսօրին նա մահացել է:
Սամվել Կարապետյանը 58 տարեկան էր:
Կենսագրությունը
Ծնվել է 1961թ. հուլիսի 30-ին։ Արմատներով Արճեշ գավառի Բերդաղ գյուղից է։
1978թ. ավարտել է Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցը։
Սկսած 1975 թվականից ճամփորդել է Հայկական ԽՍՀ տարածքով բնությունը ուսումնասիրելու նպատակով, իսկ 1978 թվականից սկսած լուսանկարում, չափում և նկարագրում է հայկական հուշարձանները ամբողջ պատմական Հայաստանի տարածքով։ Երեք տասնամյակի ընթացքում հետազոտում և ցուցակագրում է պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ։
Կարապետյանը հայտնի է որպես հարևան պետություններում հայկական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի քննադատ։ Նա կարծում է, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի իշխանությունները նպատակաուղղված կերպով իրականացնում են հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականություն։ Իր փաստերը 2007թ. ներկայացրել է ԱՄՆ Կոնգրեսին և 2008թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։
Սամվել Կարապետյանը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավարն էր:
Հեղինակել է բազմաթիվ արժեքավոր գրքեր և աշխատություններ:
Մրցանակներ
2007 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին հումանիտար գիտություններում ունեցած ներդրումների համար,
2004 Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց շքանշան,
2004 Արցախի Հանրապետության Եղիշեի անվան գրականության մրցանակ: