Մխիթարյանի գոլը չփրկեց «Ռոմային»

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալեց «Բոլոնյա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեցին «Բոլոնյա»-ի ֆուտբոլիստները, այնուհետ` 22-րդ րոպեին «Բոլոնյա»-ից Դենսոիլը դարձավ ինքնագոլի հեղինակ: Հյուրերին հաջողվեց առաջին կեսում կրկին առաջ անցնել հաշվի մեջ` 26-րդ րոպեին աչքի ընկավ Բարովը: Երկրորդ կեսի մեկնարկում «Բոլոնյա»-ի ֆուտբոլիստները խփեցին երրորդ գնդակը: «Ռոմա»-ի կազմում երկրորդ գնդակը հեղինակեց Հենրիխ Մխիթարյանը, ով մոտ մեկ ամիս չէր մասնակցել «գայլերի» խաղերին վնասվածքի պատճառով: Ի դեպ, Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց հանդիպման մեկնարկային րոպեներից: «Ռոմա»-«Բոլոնյա»` 2:3:

Այս պարտությունից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում մնաց 5-րդ տեղում և ունի 39 միավոր:

Share: