«Մեզնից հանճար է հեռացել». Լիոնել Մեսսին՝ Կոբի Բրայանտի մահվան մասին

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Լիոնել Մեսսին իր ցավակցությունն է հայտնել ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Կոբի Բրայանտի ընտանիքին և հիշել իրենց հանդիպման մասին:

«Ես խոսքեր չունեմ: Իմ ամբողջ սերը՝ Կոբիի ընտանիքին ու ընկերներին: Շատ հաճելի էր նրա հետ հանդիպելն ու ժամանակ անցկացնելը: Մեզնից իսկական հանճար է հեռացել»,-գրել է Մեսսին իր Instagram-ի էջում:

Բրայանտի մասնավոր ուղղաթիռը նախքան Կալիֆոռնիա նահանգում կործանվելը քառորդ ժամ պտտվել է երկնքում: Ուղղաթիռն օդ է բարձրացել Կալիֆոռնիայի Օրինջ շրջանից և ուղևորվել դեպի Թաուզանդ-Օքս քաղաք: Ռադարի տվյալների համաձայն` ուղղաթիռը 15 րոպեի ընթացքում Գլենդեյլ քաղաքի վրա 10 պտույտ է կատարել, որից հետո ընկել է Լոս Անջելեսից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կալաբասաս սարի լանջին: Աղբյուրի տվյալների համաձայն` ուղղաթիռի ուղևորները բասկետբոլի մարզումների են մեկնելիս եղել: Մարզիկը «Լեյքերս» մարզադաշտ հասնելու համար բազմիցս է նման տրանսպորտային միջոց ընտրել:

Վթարի հետևանքով զոհվել է ևս 8 մարդ, որոնց թվում է նաև մարզիկի 13-ամյա դուստրը` Ջիաննա Մարիա-Օնորեն: Ողբերգության հնարավոր պատճառներից է վատ տեսանելիությունը, քանի որ այդ օրը Կալիֆոռնիայում մառախուղ է եղել:

Բրայանտն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերս» ակումբում, որի կազմում Ազգային բասկետբոլային ասոցացիայի հինգ չեմպիոնական տիտղոսների է արժանացել: Բասկետբոլիստը սպորտային կարիերան ավարտել է 2016 թվականին, որից հետո մանկական պատմվածքների ժողովածու և մի քանի գիրք է հեղինակել, որում պատմել է կարիերայի դժվարությունների մասին:

Share: