«Դալմա Գարդեն Մոլի» ցնցումները եղել են տանիքում օդափոխիչ սարքի սխալ տեղադրման պատճառով

«Դալմա գարդեն մոլի» ցնցումները եղել են տանիքում օդափոխիչ սարքի ոչ ճիշտ տեղադրման պատճառով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը: «Միացրեցինք անջատեցինք, տեսանք, որ վիբրացիան այդտեղից է: Օդափոխիչ սարքի տակ պետք է ռետինից հատուկ միջադիր լինի, որպեսզի վիբրացիան միանգամից պատերին չհաղորդի: Չնչին, կես ժամանոց մոնտաժի աշխատանք է պահանջվել, ուղղակի չի արվել»,-ասաց նա:

Վերմիշյանը նշեց, որ ցնցումը եղել է շենքի մի փոքր հատվածում, մոտ 200 քմ մետրի վրա, որտեղ դրսից դրված է եղել այդ օդափոխիչ սարքը: «Սարքը անսարք էր, հիմա այն ընդհանրապես անջատեցին, հոսանքազրկեցին: Կփոխեն, որեւիցե վտանգ չկա, շատ արագ արձագանքել են»,-ասաց նա:

Վերմիշյանը նաեւ հայտնեց, որ սեյսմիկ ծառայության մասնագետները տեղում մոնիթորինգ են արել հատուկ սարքերով եւ երեկվա միջադեպից հետո որեւէ ցնցում չի գրանցվել: Վերջինս հայտնեց, որ ցնցումներից «Դալմա»-ին որեւիցե կոնստրուկտիվ վնաս չի պատճառվել:

«Շինարարության մեջ դա կոչվում է դիսկոմֆորտ առաջացնող վիբրացիա, այսինքն ոչ թե վտանգավոր է այլ ընդամենը անհարմարություն է պատճառում: Նորմալ շենք է եւ պետք է ժողովրդին բացատրել, որ հանգիստ գնան իրենց առեւտուրն անեն՝ առանց պանիկայի»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին «Դալմա գարդեն մոլում» արտակարգ իրավիճակ էր հայտարարվել: Ներսում գտնվող բոլոր քաղաքացիներին տարհանել էին: Անվտանգության աշխատակիցները մարդկանց ուղղորդել էին դեպի դուրս եւ բարձրախոսով հայտարարել, որ ներսում եղած բոլոր մարդիկ շտապ լքեն տարածքը:

Կարծիքներ էին հնչել, որ երկրաշարժ է, ինչը սակայն, շատ չանցած հերքվել էր: «Դալմա»-ն այսօր չի գործում, սակայն վաղվանից կաշխատի իր բնականոն հունով:

Share: