«Դալմա Գարդեն մոլի» շենքի երկրորդ հարկում ցնցման պատճառները ճշտվում են. երկրաշարժ չի ֆիքսվել

«Դալմա Գարդեն մոլի» շենքի երկրորդ հարկի մի հատվածում ցնցումների պատճառը երկրաշարժը չի եղել: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԱԻՆ լրատվական ծառայության ղեկավար Էդմոն Զարգարյանը:

ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչություն պետ Տիգրան Գիդաչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անմիջապես ճշտվել է՝ ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես՝ տարածաշրջանում, երկրաշարժի ու դրա նման երևույթներ չեն եղել։ «Սակայն ցնցումները բավականին երկար ժամանակ չէին դադարում։ Անվտանգությունից ելնելով, աշխատակիցներին և ժողովրդին շենքից տարհանեցին։ Ներկա պահին մեր սեյսմիկ ծառայության աշխատակիցները տեղադրում են չափող սարքեր, որ ճշտեն։ Այս պահի դրությամբ այլևս ցնցումներ չկան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Տիգրան Գիդաչյանը՝ ավելացնելով, որ ցնցումը հնարավոր է՝ զգացվել է շրջակայքում որևէ շինարարության ծանր ինժեներական տեխնիկայի աշխատանքի հետևանքով։

Այնուամենայնիվ, շենքում իրականացվում է գործիքային ստուգում՝ համոզվելու համար, որ կոնստրուկցիաների հետ կապված վտանգ չկա։

Share: