Մխիթարյանի գոլը՝ տասնամյակի լավագույն իրադարձությունների թվում. BBC

BBC-ի մարզական բաժինն ամփոփել է վերջին տասնամյակում Պրեմյեր լիգայում Boxing day-ի ընթացքում գրանցված լավագույն դրվագները և տասնամյակի ամենահիշարժան իրադարձությունների թվում ընդգրկել նաև 2016 թ. դեկտեմբերի 26-ին Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի՝ «Սանդերլենդի» դեմ խփած գոլը:

BBC-ն  Մխիթարյանի խաղը նկարագրել է հետեւյալ կերպ. «Մանչեսթեր Յունայթեդում» Մխիթարյանի կարիերան լեցուն չի եղել իրադարձություններով, սակայն հայ հարձակվողն «Օլդ Թրաֆորդում» միշտ էլ աչքի է ընկել իր վարպետությամբ, որին շատ դիպուկ նկարագրություն էր տվել մանչեսթերյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ Մխիթարյանի գոլն անվանելով «ֆուտբոլի գեղեցկությունը»:

Նշենք, որ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2016-2018 թվականներին: «Սանդերլենդի» դեմ խաղում նա գեղեցիկ գոլի հեղինակ էր դարձել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո:

Share: