Ուրիշների սխալների վրա սովորելու արվեստը

Հայ ընթերցողի դատին հանձնվեց ամերիկացի ճանաչված մանկաբույժ, գիտնական Փոլ Օֆիթի «Մահաբեր ընտրություն. Ինչ սպառնալի հետևանքներ ունի պատվաստանյութերի դեմ շարժումը» գիրքը։ Այն պատվաստանյութերից վախի, դրա վրա հիմնված պատվաստումից հրաժարվելու և ճակատագրական այդ ընտրության մահացու հետևանքների մասին է։

Բժշկագիտական այս բեսթսելլերը, որ գրված է դետեկտիվ ժանրին բնորոշ դինամիկայով, թարգմանվել է ավելի քան 10 լեզվով և ճանաչվել տարվա գիրք։ Այն քողազերծում է պատվաստանյութերի հետևանքների մասին տարածված սարսափելի պատմությունները:

Փոլ Օֆիթը Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի ինֆեկցիոն վարակների բաժանմունքի և Պատվաստումների կրթական կենտրոնի տնօրենն է: Նա նաև դասախոսում է Պենսիլվանիայի և Ֆիլադելֆիայի համալսարաններում։ Մանկաբուժության ոլորտում մեծ ներդրում ունենալու համար Օֆիթը 2009-ին արժանացել է ԱՄՆ-ի նախագահի մրցանակի և Էդմունդ Բրեդլի մրցանակի, իսկ գիտական հայտնագործության համար՝ ոսկե մեդալի:

Գրքի շնորհանդեսի ժամանակ ՀՀ Աժ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը կարևորեց հանրամատչելի լեզվով գրված գրքի հայերեն թարգմանությունը։ «Հանրությունը պետք է հնարավորություն ունենա տեղեկացված ընտրություն կատարելու»,-ասաց նա։

Ներկաների կողմից «Մահաբեր ընտրություն» գիրքը գնահատվեց որպես դժնի համաճարակները կանխելու և մահաբեր ընտրությանը չտրվելու ուղեցույց։

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովակիմ Զաքարյանը փաստեց, որ գրեթե մոռացված հիվանդություններն այսօր նորացված վերադառնում են։ Նա հիշեցրեց, որ 2018 թվականին աշխարհում 120 հազար մարդ մահացավ կարմրուկից։ «Ի պատիվ մեզ՝ Հայաստանում այդպիսի դեպքեր քիչ ունենք, բայց վաղ թե ուշ դրանք լինելու են, և խոսքս ոչ միայն պեսիմիստական է, կամ փորձում եմ վախեցնել, այլ փորձում եմ պատրաստել նրան, որ վաղը այդ ամենը գալու է նաև մեզ մոտ»։

Գիտաշխատողի այս եզրահանգման համար հիմք են հանդիսացել մեզանում առկա հակապատվաստումային տրամադրություններն ու ծնողների կողմից երեխաներին չպատվաստելու դեպքերը։

Այս առթիվ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի մանկաբուժական ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանն ասաց. «Երբ երեխան հիվանդ է, ծնողը շատ ավելի պատրաստակամ է ընդունում բժշկի խոսքը։ Բայց երբ երեխան առողջ է, և ասում ես, որ պետք է կանխարգելիչ միջամտություն կատարել, պատվաստել՝ նրա մոտ տարբեր վախեր են ի հայտ գալիս։ Ծնողը մոռանում է, թե ինչի կարող է հանգեցնել կարմրուկը, պոլիոմելիտը, կապույտ հազը․․․ Սրանք հիվանդություններ են, որ մեր շուրջ են, և այնպես չէ, որ այլևս չեն հանդիպում։ Այդ պահին ծնողը սկսում է մտածել՝  իսկ եթե երեխան ջերմի՞, կարո՞ղ է պատվաստումն ազդել զարգացման վրա, հիվանդություններ առաջացնելն․․․ Իրականում սրանք առասպելներ են, որոնք գալիս են հնուց»։

Հեծանիվ հորինել պետք չէ։ Աշխարհի փորձն ապացուցել է, որ վարակիչ կառավարելի հիվադությունների կանխարգելման ամենից արդյունավետ ու անվտանգ միջոցը պատվաստումն է։

Զավեշտալին այն է, որ շատ հաճախ երեխաներին թույլ չեն տալիս պատվաստել այն ծնողները, որոնք ժամանակին ստացել են ազգային օրացույցում ներառված բոլոր պատվաստումները։

Մասնագետը հորդորում է  պատվաստումից հրաժարվելու իրավունքի մասին խոսելիս հիշել նաև երեխայի առողջ լինելու իրավունքի մասին։

Հավելենք, որ գիրքը թարգմանել և տպագրության է պատրաստել Նյումեգ-ը, տպագրվել է  AltHealth հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ 

Գրքի հայերեն տպագրության նախաբանը գրել է ՀՀ առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը։

Share: