Դեկտեմբերի 1-10-ը Աննա Հակոբյանի մասին գրված 314 հոդվածներից 125-ը բացասական է

2019 թ-ի դեկտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 314 հոդված, որոնցից 125-ը եղել է բացասական, 32-ը՝ դրական, 157-ը՝ չեզոք։

Աննա Հակոբյանն այս տասնօրյակում քննադատությունների կիզակետում է եղել։ Դրա մասին են վկայում բազմաթիվ բացասական հոդվածները։

Հասարակական և փորձագիտական դաշտում շարունակում են զուգահեռներ տարվել մերօրյա իշխանության և Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության միջև։ Լրատվամիջոցի հետ զրույցում «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի կողմից խաղաղությանը միտված քայլերին ու նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հասարակություններին խաղաղության նախապատրաստելու դիրքորոշումների միջև նմանություններին, ասել է. «Խաղաղասիրական կոչերի արձագանքը հայ հանրության կողմից տրվեց, երբ այդ խաղաղասիրության, զիջելու օրակարգը դրվեց՝ որպես ՀԱԿ-ի հիմնական քաղաքական ուղղություն, իսկ մեր հանրությունը դրան ընտրությունների ժամանակ իր գնահատականն արդեն տվել է»։

ՇՊՀ դասախոս Արթուր Համբարձումյանը, անդրադառնալով Աննա Հակոբյանի գործունեությանը, գտնում է, որ վարչապետի տիկինը շատ մեծ դերակատարություն ունի պետության կառավարման գործընթացի վրա, մասնավորապես, Փաշինյանը պարբերաբար պարզաբանում է կնոջ քայլերը։

Որպես բացասական է նշվել այն հոդվածը, ըստ որի՝ Աննա Հակոբյանը տարաձայնություններ ունի Արսեն Թորոսյանի հետ։ Ըստ լուրերի, այդ տարաձայնությունն ազդում է Թորոսյանի դեմ գործողությունների ակտիվացմանը։

Քննադատության է արժանացել նաև Աննա Հակոբյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ տիկին Հակոբյանը հրավիրել էր Մեհրիբան Ալիևային Արցախ։ Նա նշել էր, որ պատրաստ է որպես հյուրի պատվել նրան Ալիևայի ցանկացած ոճի երաժշտությամբ՝ մուղամով, ինչպես նաև ավելացրել, որ ինքն էլ պատրաստ է հյուրընկալվել Բաքվում։ Շատ փորձագետներ այս հայտարարությունը վտանգավոր որակեցին, որոշ քաղաքական ուժեր էլ դա հակահայկական օրակարգ համարեցին։ Որոշ փորձագետներ և քաղաքական գործիչներ էլ կոչ են անում Աննա Հակոբյանին չմիջամտել քաղաքական հարցերին, հատկապես, Արցախյան հիմնախնդրի հետ կապված։

Հովհաննես Իգիթյանն էլ, իր հերթին, անդրադարձել Աննա Հակոբյանի հնչեցրած հրավերին․ «Սա միայն հրավեր է, ենթատեքստը հետևյալն է՝ եթե ուզում եք Երևանում, կամ Շուշիում թեյ խմել, մի ձև կա. Երևան գալու համար ձեզ պետք է հրավիրի Հայաստանի կառավարությունը, Ստեփանակերտում թեյ խմելու համար համապատասխան ադրբեջանցի պաշտոնյային պետք է հրավիրի Արցախի ղեկավարությունը։ Սա էր ընդհանուր մոտեցումը»։ Հովիկ Աղազարյանն էլ կարծում է, որ մենք ինչ-որ մի օր պետք է հարևանություն անենք հարևանների հետ և այսօր են այդ ծիլերը դրվում։

ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ընդունել է Աննա Հակոբյանի մարտահրավերը և ամսական 10.000 դրամ է փոխանցելու Հայաստան համահայկական հիմնադրամին։

Share: