Ովքե՞ր են հայկական շուկա մտնող նոր ավիաընկերության տերերը. Hetq

«Հետք»-ը գրում է.

«Դեկտեմբերի 3-ին ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը ԱԺ-ում հայտարարեց, թե շուտով հայկական շուկա կարող է մտնել տեղական նոր ավիաընկերություն, որն արդեն գրանցվելու հայտ է ներկայացրել: Խոսքը, ամենայն հավանականությամբ, օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստանալու հայտի մասին է: Վկայականն այն առանցքային փաստաթուղթն է, որը իրավունք է տալիս զբաղվել առեւտրային փոխադրումներով:

Ռեւազյանը, հղում անելով ավիաընկերության ներկայացուցիչներին, հայտնել է, որ նոր փոխադրողը պատրաստվում է չվերթներ իրականացնել 13 ուղղություններով, շաբաթական լինելու է 41 չվերթ, որոնցով կարող է տեղափոխվել 388 հազար ուղեւոր, միաժամանակ բացվելու է ավելի քան 200 աշխատատեղ:

Այս հայտարարությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթը գրեց, որ, իր տեղեկություններով, խոսքը «Fly Armenia Airways» ընկերության մասին է, որի կառավարիչները բրիտանացիներ են: Շուտով նաեւ գովազդային հայտարարություն տարածվեց այն մասին, որ նշված փոխադրողը միջազգային չվերթներ իրականացնելու համար մրցույթի է հրավիրում բորտ-ուղեկցորդների:

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ն գրանցվել է այս տարվա հոկտեմբերի 11-ին: Հիմնադիրները երկուսն են՝ Երեւանի Մամիկոնյանց փողոցի բնակիչ Բելլա Սուրենի Գայամովան (55 %) եւ Լոնդոնում գրանցված «Lincoln Transport Ltd»-ն (45 %):

Այն, որ ՀՀ քաղաքացի Գայամովան ավելի քան 50 %-ի սեփականատերն է, ամենեւին պատահական չէ, քանի որ դա «Ավիացիայի մասին» օրենքի պահանջն է: Օրենքը սահմանում է, որ մեր երկրում օդանավ շահագործողի վկայական կարող են ստանալ այն ավիաընկերությունները, որոնց առնվազն 51 %-ը պատկանում է ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձի:

Բելլա Գայամովայի ընկերությունները

Բելլա Գայամովան ներգրավված է ավիացիայի հետ կապ ունեցող այլ ընկերություններում եւս, ինչը նշանակում է, որ նա կապ ունի այս ոլորտի հետ:

Մասնավորապես, նրա անունն առնչվում է «Ֆլայ Արմենիա» ՓԲԸ-ին, որը հիմնադրվել էր այս տարվա մայիսին, սակայն ներկայում գտնվում է լուծարման գործընթացում: ՊԵԿ-ի տվյալներով՝ լուծարվող ՓԲԸ-ի գործունեության ոլորտը օդային բեռնափոխադրումներն էին:    

Բացի դրանից՝ Գայամովան եւ Նարինե Օհանյանը (ըստ էության, դուստրն է) 2017-ին Երեւանում՝ իրենց բնակության հասցեում, հիմնել են «Սքայ Բրիջ» ՍՊԸ-ն, որի 10 %-ը Գայամովայինն է, 90-ը՝ Օհանյանինը: Ընկերության տնօրենը հենց Բ. Գայամովան է:

Վերջինս ժամանակին եղել է նաեւ «Աքիլա Քրիզաետոս Քոնսալտինգ» ՍՊԸ-ի սեփականատեր եւ տնօրեն: Այս ընկերությունը հիմնադրվել է 2011-ին Կարեն Ավդալյանի կողմից: Ավդալյանը օդանավերի տեխսպասարկմամբ զբաղվող «Աքիլա Տեխնիքս» ՍՊԸ-ի հիմնադիրներից է: «Աքիլա Տեխնիքսի» մասին գրել ենք ՀՀ նախագահների օդանավերի մասին պատմող հոդվածում: Գյումրեցի Կարեն Ավդալյանը Երեւանի կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանի որդին է:

Կարինե Ավդալյանը հայտնի է նաեւ որպես Գյումրու «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի կազմակերպիչ-հիմնադիր, նա այդ մրցույթը հովանավորած Ռիտա Սարգսյանի (Սերժ Սարգսյանի կնոջ) եւ «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փառատոնի համանախագահ Լեւոն Սարգսյանի (Սերժ Սարգսյանի եղբոր) մերձավորներից է: 2018 թ. իշխանափոխությունից հետո կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի աշխատողներն ու ուսանողներն սկսեցին բողոքել տնօրեն Ավդալյանից՝ բարձրաձայնելով նրա ղեկավարության օրոք բուհում տեղի ունեցած բազմաթիվ երեւույթների մասին: Ավելի ուշ Ավդալյանին մեղադրանք առաջադրվեց, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու ստորագրությունը, սակայն այս տարվա սեպտեմբերին, երբ քրեական գործով հայտնի դարձան նոր դրվագներ, դատարանը որոշեց կալանավորել Կարինե Ավդալյանին: Վերջինս «Հետքի» հետ զրույցում համոզմունք էր հայտնել, թե իրեն «պատժում են» այն բանի պատճառով, որ Գյումրու ավագանուն առաջարկել էր պատվավոր գյումրեցու կոչում տալ Լեւոն Սարգսյանին, եւ առաջարկն ընդունվել էր»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Share: