Նոր մանրամասներ Գևորգ Կոստանյանի գործով․ նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածներով։ Մասնավորապես, Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից տեղեկացրին, որ Կոստանյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի՝ «անձնական շահերից ելնելով պաշտոնական փաստաթղթերում պաշտոնեական կեղծիք կատարելը և դրան դրդելը», 38-308-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «պաշտոնեական դիրքի չարաշահման դրդելը» և ՀՀ Քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ «ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը» հատկանիշներով։

Դեկտեմբերի 4-ին, հիշեցնենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր բավարարել ՀՔԾ-ի միջնորդությունը և Կոստանյանին կալանավորելու որոշում կայացրել։ Կոստանյանն այժմ գտնվում է ՌԴ-ում և մինչ այս որոշումը ՀՔԾ-ն նրան 48 ժամ էր տվել ներկայանալ նախաքննական մարմին։ Սակայն այդ ժամանակահատվածում Կոստանյանը չէր ներկայացել ՀՔԾ։ Ժամկետը լրանալուց հետո ՀՔԾ-ն Կոստանյանին կալանավորելու միջնորդությամբ մտավ դատարան։

Share: