Շահեն Հարությունյանը ոստիկանությունում է. նա բացատրություն է տալիս Գրիբոյեդովի արձանի վրա ներկ լցնելու վերաբերյալ

Tert.am-ի տեղեկություններով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի նախկին օգնական, ակտիվիստ Շահեն Հարությունյանն այս պահին գտնվում է ոստիկանությունում՝ պայմանավորված ռուս դրամատուրգ, բանաստեղծ Ալեքսանդր Գրիբոյեդովի՝ Երևանում տեղադրված արձանի վրա ներկ լցնելու փաստով:

Ոստիկանությունից Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը.«Շահեն Հարությունյանն այս պահին գտնվում է ոստիկանության Կենտրոնի բաժնում, նա ներկայացել է բացատրություն տալու երեկվա միջադեպի վերաբերյալ»,- ասաց լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Նա հայտնեց, որ նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Շահեն Հարությունյանը հայտնել էր, որ ի պատասխան ՌԴ–ում Նժդեհի հուշատախտակի ներկման՝  կարմիր ներկ է լցրել Գրիբոյեդովի արձանի վրա։ Ոստիկանությունից Tert.am-ի հետ զրույցում հայտնել էին, որ նյութեր է նախապատրաստվում:

Ավելի ուշ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում լուսանկարներ տարածվեցին, որտեղ արձանն արդեն մաքուր էր։

Share: