Գողություններ՝ ռեստորանից, գեղեցկության սրահից ու հագուստի խանութից․ 27-ամյա և 21-ամյա երիտասարդներ են բերման ենթարկվել (տեսանյութ)

Հոկտեմբերի 31-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում գողության վերաբերյալ երեք հաղորդում ստացվեց։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Գաղտնի հափշտակությունները կատարվել էին գեղեցկության սրահից, ռեստորանային համալիրից ու հագուստի խանութից։ Հանցագործությունները բացահայտելուն ուղղված հետախուզական միջոցառումների ընթացքում ոստիկանության Կենտրոնական բաժնում հնչեց գողության վերաբերյալ ևս երկու ահազանգ։ Այս դեպքում ևս թիրախում գեղեցկության սրահ ու հագուստի խանութ էր։

Հետախուզական միջոցառումները շարունակվեցին նաև հիշյալ դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Օրեր տևած հետևողական աշխատանքի արդյունքում հայտնի դարձավ, որ բոլոր գողությունները կատարել են նույն անձինք։

Երևանի բնակիչներ 27 և 21-ամյա երիտասարդները հայտնաբերվեցին, բերման ենթարկվեցին ու տվեցին խոստովանական բացատրություններ։

Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։

Share: