12–րդ դասարանցիներ պատրաստվեք. քննության օրերը հայտնի են

12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների ժամանակացույցն արդեն հայտնի է։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«Ըստ այդմ, «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունը կլինի դեկտեմբերի 24–ին, «Մաթեմատիկան»` դեկտեմբերի 25–ին, «Հայոց պատմությունը»` դեկտեմբերի 26–ին։ Իսկ ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար ռուսերենի քննությունը կլինի սովորողի ընտրությամբ՝ դեկտեմբերին կամ հունիսին՝ քննաշրջանի ընթացքում»,–նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Ազգային փոքրամասնությունների համար «Մայրենի լեզու և գրականություն» առարկայի քննությունը նույնպես կլինի սովորողի ընտրությամբ՝ դեկտեմբերին կամ հունիսին՝ քննաշրջանի ընթացքում։ Ի դեպ, 12-րդցիները դեկտեմբերին կարող են հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չեն ընտրել և չեն ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում:

Դեկտեմբերին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 5-ը պետք է գրավոր դիմեն տնօրենին:

12-րդ դասարանում պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմվում են ԳԹԿ-ի կողմից, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության երաշխավորած շտեմարաններից և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից կամ նյութերից:

Նշվում է նաև, որ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի պետական ավարտական քննության թեստերը ռուսերեն կլինեն։

Share: