Դիակիզումը մեր ավանդույթին հարիր չէ. կարծում ենք՝ ժողովուրդը կպահի իր ավանդույթը. Տեր Եսայի քահանա Արթենյան

Դիակիզումը մեր ավանդույթին հարիր չէ: Կարծում ենք, որ ժողովուրդը կպահի իր ավանդույթը և այդ օրենքն իրականում իր հազիվ թե ամբողջապես կիրառվի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արարատյան Հայրապետական թեմի Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով 2020-ին ՀՀ-ում 2 դիակիզարան կառուցելուն:

«Ենթադրվում էր, որ եթե օրենքն ընդունվել է, պետք է որ, ի վերջո, նաև կառուցեին դիակիզարաններ: Դիակիզման հետ կապված եկեղեցին ունի իր դիրքորոշումը. մեր ավանդույթին այդ դիակիզումը հարիր չէ: Բայց օրենքն ընդունված է, բնական է, որ դիակիզարաններ, ի վերջո, պետք է սարքվեին: Մենք կարծում ենք, որ ժողովուրդը կպահի իր ավանդույթը և այդ օրենքն իրականում դժվար թե ամբողջապես կիրառվի, հենց միայն այն պատճառով, որ ժողովուրդն ունի իր ավանդույթը և կպահի այն»,- ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Հիշեցնենք, որ դեռևս 2006 թվականի փետրվարի 27-ին ընդունվել էր «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքը:

Նոյեմբերի 25-ին «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը Panarmenian.net-ի հետ զրույցում ասել էր, որ 2020-ին ՀՀ-ում միանգամից 2 դիակիզարան կբացվի. «Օրենքի հետ կապված ոչ մի խնդիր չենք տեսնում: Կան ներդրողներ, որոնք պատրաստ են գումար ներդնել և դիակիզարան բացել: Մարդիկ պետք է ընտրության հնարավորություն ունենան: Կարևոր չէ, թե ինչպիսին է այս հարցում եկեղեցու կամ որոշ քաղաքացիների մոտեցումը»,- հայտարարել էր Արման Իսկանդարյանը:

Share: