Դատապարտյալը փախել է «Էրեբունի» բժշկական կենտրոնից. լուսանկար

«Էրեբունի» բժշկական կենտրոնից դատապարտյալ է փախել։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Նոնա Նովիկյանը։

«Նոյեմբերի 18-ին, ժամը 05։00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ գտնվող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1988թ. ծնված Արայիկ Սամվելի Սարգսյանը հիվանդասենյակից դիմել է փախուստի»,–գրել է Նովիկյանը։

Նրա տեղեկացմամբ` Ա. Սարգսյանը, որը նախկինում 7 անգամ դատապարտված է եղել, դատապարտվել էր ազատազրկման 6 տարի 6 ամիս ժամկետով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասով (գողություն)։

«Արտաքին նկարագիրը. հասակը մոտ 170սմ, ատլետիկ կազմվածքով, շագանակագույն աչքերով, լայն ճակատով, սև մազերով, հաստ շուրթերով, փռված, թեք քթով, պարանոցի ձախ հատվածում առկա է վնասվածք վիրակապով, հագին եղել է սև բլուզ, սև սպորտային հագուստ և հողաթափեր»,–տեղեկացրել է Նովիկյանը:

Վերջինիս տեսնողներին կամ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին խնդրում են զանգահարել 1-02, 010-44-29-04 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին։

Խոստանում են, որ տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։

Share: