Շմոլ գազից մահացած 4 երեխաների հայրն օդանավակայանում ձերբակալվել է

Նոր Հաճնում շմոլ գազից թունավորման հետևանքով մահացած 4 երեխաների հայրն ուզել է Ուկրաինայից Հայաստան վերադառնալ, բայց օդանավակայանում ձերբակալվել է։ Այս մասին գրում է ArmLur.am–ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Նոր Հաճնում շմոլ գազից թունավորվել ու մահացել էին 77-ամյա տատը` Ժաննա Սիմոնյանը և  իր չորս թոռները` 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի և 14-ամյա Ժաննա Մ.-ն:

«Ողբերգական տեղեկության մասին իմանալուց հետո հայրը շտապել է օդանավակայան, որպեսզի վերադառնա Հայաստան։ Շտապելու պատճառով չի լրացրել միգրացիոն փաստաթուղթը, ինչի հետևանքով էլ ձերբակալվել է»,–գրում է կայքը։

Ըստ կայքի` մահացած երեխաների հայրը խնդրում է, որպեսզի իրեն բաց թողնեն, որ վերադառնա ու հասնի մոր և երեխաների հուղարկավորությանը:

Հիշեցնենք` այսօր հայտնի էր դարձել, որ մահացածներից Ժաննա և Սերինե Միրոնյուկները «Արարատ» ՖԱ-ի կանանց թիմի ֆուտբոլիստներ էին:

Հայտնի է, որ երեխաների հայրն ու մայրը բնակվում են Ուկրաինայում, սակայն ամուսնալուծված են, իսկ երեխաների հոգսը միշտ հոգացել են տատիկը և Հայաստանում գտնվող հորեղբայրը:

Share: