Այդ աղմուկն ընդհանրապես տեղին չէր եւ այս հարցը լուծվեց. Վանեցյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Աբրահամ Խաշմանյանի նշանակման հետ կապված խնդիրը։

ՀՖՖ գործկոմի անդամ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ ՀՖՖ նախագահն իրավունք չունի առանց գործկոմի քվեարկության նշանակել հավաքականի մարզիչին։ Վանեցյանը պատասխանել է, որ նոր կանոնադրությամբ այդ իրավունքը վերապահված է բացառապես ՀՖՖ նախագահին։

«Գործկոմի նիստին մասնակցած բոլոր անդամները կողմ քվեարկեցին Խաշմանյանի թեկնածությանը։ Այս պահից նա հավաքականի գլխավոր մարզիչն է։ Շնորհավորում եմ պարոն Խաշմանյանին եւ հաջողություն եմ մաղթում նրան այս ծանր եւ պատասխանատու աշխատանքում։ Հույս ունեմ, որ նա կբերի հաղթանակներ մեր ազգային հավաքականին։

Պարզաբանեմ, թե ինչ կատարվեց երեկվանից մինչեւ այսօր։ Իրականում, ոչ մի խնդիր չի եղել, ինչ-որ երկրաշարժ չի եղել։ Ստացվեց այնպես, որ աղմուկը շատ բարձրացավ, այդ հարցի վրա շատ սեւեռվեց հասարակության ուշադրությունը։ Իրականում, եղել է մի շատ պարզ իրավական կազուս, որի համար ֆեդերացիայում առաջիկայում կնշանակվի ծառայողական քննություն եւ համապատասխան պաշտոնյաներ կպատասխանեն։ 2019թ․ հունիսի 26-ին տեղի է ունեցել ՀՖՖ-ի հերթական ժողովը, որի ընթացքում հաստատավել է ՀՖՖ-ի նոր կանոնադրությունը։

ՀՖՖ-ի նոր կանոնադրության համաձայն, բոլոր հավաքականների մարզիչների նշանակումը վերապահված է ֆեդերացիայի նախագահին։ Այդ կանոնադրությունը պետք է մուտքագրվեր արդարադատության պետական ռեգիստր, բայց մուտքագրվել է միայն այս տարվա հոկտեմբերի 25-ին եւ 10 աշխատանքային օր է պահանջվում գրանցվելու համար։ Ֆորմալ առումով այդ կանոնադրության հաստատումը պետք է լինի վաղը։ Բայց մեր աշխատակազմը ինձ չէր հայտնել, որ կանոնադրությունը պետռեսգիստրում դեռ գրանցում ստացած չէ։ Տեխնիկական սխալը եղել է մեր մի աշխատակցի կողմից։ Հունիսի փոխարեն տարել է հոկտեմբերին եւ ոչ մեկին չի ասել, որ իր վրա խոսակցություն չբերի։ Դա է եղել միակ պատճառը

Այդ աղմուկն ընդհանրապես տեղին չէր եւ այս հարցը լուծվեց, եւ մենք ունենք նոր գլխավոր մարզիչ։

Ավելին՝ այստեղ

Share: