Դատավոր Աննա Դանիբեկյանից արդարադատություն սպասելը միամտություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Դատավոր Աննա Դանիբեկյանից արդարադատություն սպասելը միամտություն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով դատավորի կողմից Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը մերժելուն:

«Այս դատավորից արդարադատություն իրականացնելու հարցում ոչ մի ակնկալիք չպետք է ունենալ, դրա համար ինձ համար սպասելի էր ու չեմ զարմանում նրա հերթական ապօրինի որոշման վրա»,- ասաց նա:

Անդրադառնալով մարզերում ի աջակցություն Քոչարյանի անցկացվող ստորագրահավաքին՝ նա ասաց, որ բավականին աշխույժ ու լավ է անցնում այդ ստորագրահավաքը:

Դիտարկմանը, որ մամուլը հակառակն է գրում, Լևոն Քոչարյանն ասաց. «Մամուլում ինչ ասես չի գրվում. մեր ընտանիքի հետ կապված ինչ հիմարություն, ինչ ստոր սուտ ասես գրվել է: Մամուլում գրվածը համարել վերին ատյանի ճշմարտություն, իհարկե, սխալ է: Անցած անգամ, երբ մենք զրուցում էինք, ես հարց տվեցի, թե ով է պատասխան տալու մեր ընտանիքի հանդեպ տարածվող ստի ու կեղծիքի համար, ինչ-որ մեկը պե՞տք է լինի, թե՞ ոչ»:

Լևոն Քոչարյանը նշեց, որ մինչև հիմա մարդիկ ինչ հիմարության ասես հավատում են: Այն հարցին,  թե ինչո՞ւ ժամանակին չէին արձագանքում դրան, նա ասաց, որ չեն արձագանքել, որովհետև չեն մտածել, որ նման սուտն ու կեղծիքը կարող է մտնել մարդկանց մեջ, հիմա տեսնում են, որ այդ ամենն արմատացել են ու կեղծիքն արել է իր գործը:

Share: