Սուրենյանը հերթական լավ լուրն է հայտնել

Առաջիկա 10 օրերին մեր երկիրը կգտնվի Իրանից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը`ուրախացնելով իր հետևորդներին։

«Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-9-ին բոլոր մարզերում կշարունակի բարձրանալ ևս 4-5 աստիճանով, երկինքը կլինի բացարձակ պարզ և արևաշող։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Սյունիքի և Տավուշի հովիտներում +20․․․+23, Արարատյան դաշտում և Երևանում արդեն նոյեմբերի 8-ին կունենաք +18․․․+20 աստիճան տաքություն»,–գրել է Սուրենյանը։

Օգտատերերն ակտիվ մեկնաբանում են գրությունը` անընդհատ շնորհակալություն հայտնելով Սուրենյանին, իսկ նրանցից մեկը գրել է. «Բա իմ 20 հոգանոց Լաստիվեր գնացող խումբը Ձեզ ի՞նչ էր արել,որ ամսի 2-ին ձյուն-ձմեռ բերեցիք»։

Share: