Հանցավոր սխեմա է գործել. բոլոր դպրոցներում ուսումնասիրություններ են անցկացվելուլ

Շիրակի մարզի տարածքում գործող դպրոցներից յոթի աշխատակիցներն աշխատանքի չեն հաճախել կամ հաստիքացուցակով սահմանված աշխատանքներ չեն կատարել, բայց աշխատավարձ են ստացել։ Այդ կապակցությամբ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ստորաբաժանումներում նախապատրաստվում են նյութեր։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Ուսումնական հաստատությունների համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձինք կազմել և հաստատել են աշխատաժամանակի հաշվարկի բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր, որոնցում կեղծ տեղեկություններ են ներառվել այդ անձանց կողմից աշխատանքի հաճախելու և փաստացի աշխատած ժամաքանակի վերաբերյալ: Եվ այդ բովանդակությամբ կեղծ փաստաթղթերի հիման վրա նրանց անվամբ դուրս են գրվել աշխատավարձերի կամ այլ վճարների գումարներ, որոնք առերևույթ յուրացման կամ վատնման եղանակով հափշտակվել են:

«Նկատի ունենալով, որ նման իրավիճակը կարող է ավելի լայն տարածում և աշխարհագրություն ունենալ՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ նման ուսումնասիրություններ կնախաձեռնվեն նաև հանրապետության բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում»,– հայտնում է դատախազությունը:

Ուսումնասիրությունների արդյունքում, բավարար տվյալների առկայության դեպքում, կապահովվի օրենքով սահմանված քրեադատավարական ընթացակարգ՝ ենթադրյալ կոռուպցիոն այս սխեմաներում ներգրավված պաշտոնատար անձանց արարքներին իրավական գնահատական տալու և խնդիրը, դրա արմատավորմանը նպաստող պայմանները վերացնելու նպատակով։

Share: