ՀՀ–ում նվազագույն կենսաթոշակը կբարձրանա

Նվազագույն կենսաթոշակը Հայաստանում 25,5 հազարից կդառնա 26,5 հազար։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն այս մասին ասաց 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

Միաժամանակ 2020 թվականին կբարձրանան նաև կենսաթոշակի հաշվարկի գործակիցները։ Բազային գումարը 16 հազարից կդառնա 18 հազար, իսկ առաջին տասը տարվա ստաժի վճարը` ամեն տարվա համար 950 դրամ (նախկին 800 դրամի փոխարեն)։ Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարը կկազմի 500 դրամ։ Եթե այդ հաշվարկով կենսաթոշակը 26 500 դրամից պակաս լինի, թոշակառուն կստանա երաշխավորված նվազագույնը։

Նա ընդգծեց, որ նվազագույն շեմը կբարձրանա ոչ միայն կենսաթոշակների դեպքում, այլև ծերության նպաստի (որը ստանում են առանց աշխատանքային ստաժի թոշակառուները), հաշմանդամության ու կերակրողին կորցրած մարդկանց նպաստների։ Ինչ վերաբերում է կենսաթոշակների հաշվարկի նոր մեխանիզմին, ապա բազային թոշակն ու ստաժի տարիների հավելումը վերաբերում է նաև զինթոշակառուներին։

2020 թվականին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծախսերը կկազմեն 492,5 միլիարդ դրամ կամ մոտ 1 միլիարդ 35 միլիոն դոլար, ինչը 11%–ով գերազանցում է 2019 թվականի տվյալները։

Նախարարության հաշվարկով` 2020 թվականին հանրապետությունում 468,7 հազար քաղաքացիական ու 33,6 զինթոշակառու է լինելու (502 հազարից մի փոքր շատ)։

Share: