Այլ կերպ չի՞ ստացվում հաճախորդ բերել. ռեստորաններից մեկի բակում Մհեր Մկրտչյանի արձանն է կանգնեցվել՝ խորվածի շիշը ձեռքին

Երեւան քաղաքի «Ararat view garden» ռեստորանի տարածքում է հայտնվել դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի արձանը: Կինոյի եւ թատրոնի մեծ կատակերգուն քանդակում պատկերված է խորոված վաճառող, ուտող խմող կերպարով, որը իր մասնագիտության ու ծավալած գործունեության հետ որեւէ աղերս չունի:

Ռեստորանի անմիջապես դիմացը՝ բակային հատվածում է գտնվում քանդակը: Մհեր Մկրտչյանի աղավաղված տեսքով քանդակը շատերի զայրույթի պատճառն է դարձել: Այն անչափ զայրացրել է նաեւ Մհեր Մկրտչյանի եղբոր որդուն՝ ռեժիսոր Մհեր Մկրտչյանին: Կրտսեր Մհեր Մկրտչյանը նկարել եւ ֆեյսբուքյան իր էջում է դրել հորեղբոր կերպարով այդ քանդակն ու գրել է, որ հարցը նաեւ իրավաբանական զարգացում կստանա:

«Ախր հարցը միայն իրավաբանական չէ. չնայած այդ զարգացումը կլինի անպայման: Հարցը բարոյական է: Խոսվում է ազգի, մշակույթի, հիշողության, մեծերի, հարգանքի մասին: Հարգելի «Ararat view garde» օբյեկտ՝ այլ կերպ չի՞ ստացվում հաճախորդ բերել: Հարգելի քաղաքապետարան, իսկապես ով ում արձանը ուր ուզենա կարող է դնե՞լ: Հարգելի օբյեկտում խորոված ուտողներ, բացում ա՞ ախորժակը: Մեծերի կենացը խմում ե՞ք»,- մասնավորապես գրել է Մկրտչյանը:

երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից «Հայկական ժամանակին» փոխանցեցին, որ քաղաքապետարանն այստեղ անելիք ու միջամտելու իրավունք չունի, քանի որ արձանը ռեստորանի բակային հատվածում է:

«Ararat view garde» ռեստորանի տնօրեն Գոռ Սարգսյանը հայտնեց, որ արձանը հենց վաղը փոխելու են: Նա չժխտեց, որ պատճառը բողոքներն են՝ ավելացնելով. «Մենք էլ ենք հասկանում, որ նման տեսքով Մհեր Մկրտչյան չի կարող լինել: Քանդակագործին ինքս կանչել եմ, որ հենց վաղը ամեն ինչ շտկի: Մենք Ֆրունզիկ չէինք ուզել, մենք նրանից Կինտո էինք ուզել»:

Ռեստորանի տարածքում արձանը տեղադրվել է մոտ մեկ ամիս առաջ: Գոռ Սարգսյանն այսօր է տեղեկացել, որ ռեժիսոր Մհեր մկրտչյանին զայրացրել է հորեղբոր կերպարի աղավաղված քանդակը: «Ես հասկանում եմ դա ինչ է եւ մենք չէինք կարող խորովածի շիշ դնել նման մեծ մարդու ձեռքին: Մինչեւ վաղը օրվա երկրորդ կես արձանը փոխված է լինելու, ես դա միանշանակ եմ ասում»,- վստահեցրերց ռեստորանի տնօրենը:

Share: