Ի՞նչ կապ ունի Կենտրոնի թաղապետի հրաժարականը Սերժ Սարգսյանի փեսայի հետ

Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հրաժարականը կապված չէ Միքայել Մինասյանի հետ (նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա)։ Այս մասին այսօր` հոկտեմբերի 29–ին խորհրդարանում լրագրողներին ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

Հիշեցնենք` Մնացականյանը հոկտեմբերի 24–ին Facebook–ի իր էջում տեղեկացրել էր, որ հրաժարական է ներկայացրել։

Փոխքաղաքապետը հիշեցրեց, որ մոտ մեկ տարի այս պաշտոնում աշխատած Մնացականյանը նշել է իր հրաժարականի դրդապատճառները և դրան ավելացնելու գրեթե ոչինչ չկա։ Քաղաքապետարանը նրա հետ ոչ մի տարաձայնություն չի ունեցել, նրա աշխատանքի վերաբերյալ նույնպես դիտողություններ չեն եղել։

«Նա հայտարարեց, որ ուզում է օգտակար լինել իր երկրին և քաղաքին` զբաղվելով մեկ այլ բանով։ Դա նրա որոշումն է։ Կարող եմ ասել, որ նա պրոֆեսիոնալ է և իր պաշտոնում աշխատել է ավելի քան լավ»,–հայտարարեց Սարգսյանը։

Լրագրողները Սարգսյանից հետաքրքրվեցին` կապված չէ՞ արդյոք Մնացականյանի հրաժարականը նրա կնքահոր` Միքայել Մինասյանի` հաճախակի դարձած քաղաքական հայտարարությունների հետ։

«Միքայել Մինասյանի հայտարարությունները ոչ մի կերպ կապված չեն Երևանի քաղաքապետարանի հետ, ուստի, կներեք, բայց նման արտահայտությունները չեմ կարող մեկնաբանել»,-պատասխանեց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Մնացականյանը դրա հետ կապված հայտարարել է, որ «Մինասյանի սանիկ լինելը խարան չէ»։

Share: