Մարդասպանը ոգեւորվել է՝ նոր իշխանություն, նոր ժամանակներ

«Ես կարծում եմ, որ այդ մարդասպանը ոգեւորվել է ՝ նոր իշխանություն, նոր ժամանակներ…Երեւի հույս է կապում նոր իշխանությունների հետ, բայց բացարձակապես մերժվելու է, ես վստահ եմ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Միասնություն» դաշինքի եւ ՀԺԿ հիմնադիր անդամ Էմմա Խուդաբաշյանը՝ անդրադառնալով  Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագլուխ Նաիրի Հունանյանի՝ պատիժը կրելուց վաղաժամ ազատման դիմումին։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչ Նաիրի Հունանյանը սեպտեմբերի 11-ին դիմում է ներկայացրել` վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։ Քրեակատարողական ծառայության հանրային բաժնի պետ Նոնա Նավիկյանը մեզ փոխանցել էր, որ սահմանված կարգով դիմումը քննարկվելու է 80-օրյա ժամկետում։

«Երանի թե օրացույցից ջնջված լիներ այդ ամսաթիվը եւ մենք այսօր ազգովի չէինք սգա այդ օրը։ Անսահման ցավ է, որ նույնիսկ Կարեն Դեմիրճյանի նման իմաստուն մարդը ունակ չեղավ գոնե լիովին ընկալելու վիշապածին սերմերի զորությունը, կանխելու այդ մեծ աղետը, չհասցրեց զգուշացնել, որ նոր չարիքներ են գալու։ Ասում էին, որ այս իշխանությունը թույլ չի տալիս բացահայտել, հիշում եք՝ Ջհանգիրյանին, հիմա թող խոսեն արդեն»,-ասաց Էմմա Խուդաբաշյանը։

Նրա խոսքով, Նաիրի Հունանյանի կատարած ոճրագործությունն այնքան ահավոր է, որ ուղղակի անհնար է այդ դիմումի բավարարումը։ «Նիկոլը նման բան չի անի, իզուր թող չշահարկեն, բացառված է ներում շնորհելը»,-կարծում է ԱԺ նախկին պատգամավորը։

Հիշեցնենք, որ 1999թ-ի հոկտեմբերի 27-ին ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, մուտք գործեց Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Աղբյուր` Փաստինֆո

Share: