Հայաստանում մեկ ամսվա ընթացքում կարմրուկի երկրորդ դեպքն է գրանցվել

Հոկտեմբերի 21-ին Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի դեպք է արձանագրվել: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հիվանդը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի Դաշնությունից: Կլինիկական երևույթներն ի հայտ են եկել հոկտեմբերի 15-ին՝ ջերմության բարձրացմամբ, իսկ հոկտեմբերի 21-ից սկսել է մարմնի ցանավորում: Հիվանդը հոկտեմբերի 20-ին դիմել է «Արաբկիր» բժշկական համալիր` Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, կատարվել է լաբորատոր հետազոտություն և հիվանդի մոտ հաստատվել է կարմրուկ, հիվանդը տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նախարարությունից վստահեցնում են, որ Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն տարվա սկզբից գրանցվել է լաբորատոր հաստատված բերովի յոթ դեպք, որոնք համաճարակաբանորեն կապվում են Ուկրաինայի, Վրաստանի և Ռուսաստանի հետ:

Share: