Էջմիածնի տոնին կանցկացվի Քուֆթայի փառատոն

Էջմիածին քաղաքն այսօր տոնում է հիմնադրման 2704-ամյակը: Օրվա ընթացքում նախատեսված են մի շարք միջոցառումներ։ Էջմիածնի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ տոնական օրվա մեկնարկը տրվելու է Կոմիտասի անվան մշակույթի պալատում Հանդիսավոր նիստով, որի ընթացքում կհանձնվեն «Քաղաքի բարեկամ» և «Պատվավոր քաղաքացի» կոչումները։ Ողջ օրրվա ընթացքում նախատեսված են համերգային ծրագրեր, Սպորտային և պարային ցուցադրական ելույթներ, ցուցահանդեսներ։

Այսօր Էջմիածնում անցկացվելու է նաև Քուֆթայի (կոլոլակ) փառատոն: «Առաջին անգամ անցկացվող Քուֆթայի փառատոնը շատ լավ հնարավորություն է ծանոթանալու հայկական ավանդական ուտեստներից մեկի՝ քուֆթայի և հատկապես Էջմիածնի քուֆթայի համին և պատրաստման գաղտնիքներին:
Էջմիածնի խոհանոցում թե´ բույրով, թե´ համով առանձնանում է քուֆթան/կոլոլակը. այս մասին խոսում են բոլորը: Այստեղ քուֆթա/կոլոլակ պատրաստում են անհիշելի ժամանակներից: Քաղաքում անգամ հայտնի է «քուֆթաչիների»՝ քուֆթա պատրաստողների փողոցը, որտեղից կարող ես գնել լավագույն քուֆթան»,- նշված է փառատոնի մասին հաղորդող ֆեյսբուքյան էջում։

Փառատոնը սկսվելու է ժամը 14:30-ին՝ Էջմիածնի համայնքապետարանի հարակից տարածքում: Փառատոնի ընթացքում նախատեսվում է ուտեստների համտես և  ցուցահանդես-վաճառք: Փառատոնը ուղեկցվելու է հայկական ազգային պարով և երգ-երաժշտությամբ: Նախաձեռնության հեղինակներն են Էջմիածնի համայնքապետարանը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպությունը:

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Էջմիածնի մասին գրավոր ամենահին տեղեկությունը պատկանում է Վանի (Արարատյան) թագավոր Ռուսա Բ-ին (մ.թ.ա. մոտ 685-645թթ.): Ըստ Զվարթնոցի սեպագիր արձանագրության` Էջմիածնի տարածքը կոչվել է Կուարլինի, որտեղ Ռուսա Բ-ն ջրանցք է անցկացրել Իլդարունի (Հրազդան) գետից:

Մեկ դար հետո հայոց Երվանդ Սակավակյաց (մ.թ.ա. 570-560թթ.) թագավորի օրոք վերջինիս փեսա Վարդգես Մանուկը այդ նույն տարածքում ` Շրեշ բլրի և Արտիմեդ քաղաքի մոտ, Քասաղ գետին ափամերձ, կառուցում է խոշոր ավան և իր անունով կոչում Վարդգեսավան:
Տիգրան Բ Մեծի (մ.թ.ա. 95-55թթ.) օրոք ավանը դառնում է վաճառաշահ քաղաքագյուղ:
Վաղարշ Ա Արշակունի արքան(117-140թթ.) այն պարսպապատում ու պատվարում է և վերանվանում Վաղարշապատ` Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառում: Ապա կատարում է նաև այլ կառուցումներ և քաղաքը դարձնում երկրորդ աթոռանիստ:
163թ. Կայնեպոլիս (Նոր քաղաք) անունով հռոմեացիք այն նույնիսկ մայրաքաղաք են հռչակում `գրաված և ավերած Արտաշատի փոխարեն: Նրանք մի շարք կառուցումներ են կատարում Վաղարշապատում, հատկապես ամրացնում նրա պաշտպանական համակարգը:
Այդ մասին վկայում են Էջմիածին-Զվարթնոց հատվածում հայտնաբերված լատիներեն երկու արձանագրությունները:
Հռոմեացիներին արտաքսելուց և Արտաշատը վերականգնելուց հետո պաշտոնական մայրաքաղաքը շարունակում է մնալ Արտաշատը, իսկ Վաղարշապատը մինչև հայ Արշակունյաց հարստության անկումը (428թ.), շարունակում է կատարել մայրաքաղաքին փոխարինող աթոռանիստի դեր: Այն ուներ միջնաբերդ, արքունի պալատներ, զորանոցներ, բանտ, հզոր, աշտարակավոր պարիսպներ`մի քանի դարպասներով(հատկապես նշանավոր էր արևելյան մեծ դարպասը`Արեգի դուռը): Քաղաքը հարավից պաշտպանված էր Քասաղի ջրով լցվող և Պառկեն փոս կոչվող խոր խրամով, հարավ-արևմուտքից`ընդարձակ ճահճով, որը նաև կառափնարան էր, ուր կատարվել են մահապատիժները:
Քաղաքի նշանակությունը հատկապես մեծանում է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակվելուց հետո(301թ.): Ագաթանգեղոսը վկայում է, որ Գրիգոր Ա Լուսավորչին տեսիլք է երևում, ըստ որի, Հիսուս Քրիստոսն իջնում է («Էջ Միածնի Որդւոյ Աստուծոյ» կամ «Էջ միածինն» (իջավ միածինը), այստեղից` Էջմիածին) Վաղարշապատ և ձեռքի ոսկե ուռով ցույց տալիս այն վայրը, որտեղ Ս. Հռիփսիմյանց կույսերի նահատակության պատվին պետք է կառուցել «տուն աղօթից»:

Կատարելով «աստվածային» ցուցումը` Գրիգոր Լուսավորիչը Տրդատ Մեծի, նախարարների ու հավատացյալ ժողովրդի օգնությամբ կործանում է Սանդարամետի մեհյանը և տեղում հիմնում (301-303թթ.) Հայաստանի քրիստոնեական անդրանիկ Մայր տաճար Ս. Էջմիածինը, հայոց քահանայապետությունը և սուրբ Էջմիածնի միաբանությունը:
Այնուհետև Էջմիածին (հետագայում, հատկապես XIII-XV դարերից տաճարի անունով կոչվել է նաև Էջմիածին) դարձավ հայոց հոգևոր կենտրոնը, իսկ տաճարը` անկախ կաթողիկոսական աթոռանիստի տեղափոխություններից, պահպանեց մայր տաճարի առաջնային նշանակությունը:

Share: