«Հայելի» ակումբում գրանցված միջադեպով չորս քաղաքացի ինքնակամ ներկայացել է ոստիկանություն

«Հայելի» ակումբում գրանցված միջադեպով չորս անձ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և տվել բացատրություններ։

Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Ոստիկանությունում նյութերի նախապատրաստման ընթացքում 4 անձ ինքնակամ ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին և տվել համապատասխան բացատրություններ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ 164 հոդվածի 1֊ին մասի հատկանիշներով»,- ասաց Ջանոյանը։

Նշենք,որ քրեական գործը հարուցված է ՀՀ ՔՕ-ի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը սահմանում է՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը։

Հիշեցնենք, որ երեկ 4 երիտասարդ պաշարել էր «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր էին նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել էր որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների գործով խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ «Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Share: