
Գիշերօթիկներից ընտանիք վերադարձող երեխաների համար գործընկեր կազմակերպությունների հետ ծրագրեր են մշակվել, և այն խնդիրները, որոնք խոչընդոտում են նրանց ընտանիք վերադառնալու իրավունքին, պետք է վերացվեն։ Այս մասին ԱԺ հարցուպատասխանի ընթացքում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին, թե կառավարությունը ի՞նչ է նախատեսում անել այն երեխաների հետ, որոնք գիշերօթիկ հաստատությունների փակման հետևանքով պետք է տուն վերադառնան։
Նախարարը նշեց, որ սա առաջին հեթին պետք է դիտել որպես հնարավարություն այդ ընտանիքների կենսամակարդակը բարելավելու ուղղությամբ, քանի որ իրենք նախատեսում են ընտանիքներին նյութական աջակցություն տրամադրել և բարելավել նրանց կենցաղային պայմանները։
Պատգամավորի մյուս հարցին, թե ի՞նչ է լինելու այն անձնակազմի հետ, որն աշխատում է այդ հաստատություններում, Բաթոյանը պատասխանեց՝ իր հրամանով աշխատանքային խումբ է ձևավորվել, որպեսզի կարողանան նրանց աշխատանքով ապահովել։
Զարուհի Բաթոյանը նաև տեղեկացրեց՝ ընտանիք կվերադառնան այն երեխաները, որոնց վերադարձը ռիսկային չի լինի, իսկ մյուսների համար Գյումրիում, Կապանում ու Երևանում ճգնաժամային կենտրոններ կստեղծվեն։