«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործն ուղարկվել է դատարան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի մեղադրանքը հաստատվել է, քրեական գործն ուղարկվել է դատարան: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Արմեն Թավադյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝    խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով: Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ․ մայիսի 13-ին Երևան քաղաքի Գյուլիքեխյան 20 հասցեում գտնվող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի վարչական շենքի առաջին հարկում քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը։

Թավադյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Գործը մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին:

Հիշեցենք, որ ավելի վաղ ոստիկանությունը  հայտնել էր, որ ս․թ․ մայիսի 13-ին՝  ոստիկանության Նոր Նորքի բաժնում 62-ամյա տղամարդը՝ Վարդգես Գասպարին, հաղորդում, ապա բացատրություն է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում մի խումբ անձինք հայհոյանքներ են հնչեցրել, քաշքշել են իրեն՝ կատարելով այլ բռնի գործողություններ և ջրի տարայով մեկ անգամ հարվածել են դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչի հիման վրա ոստիկանություն հարուցվել էր քրեական գործ վերը նշված հոդվածով:

Share: