«Փաստ». Բնակարանների գներն աճել են, առք ու վաճառքի գործարքները՝ կրճատվել

«Կադաստրի կոմիտեն հրապարակել է անշարժ գույքի շուկայի 2019 թվականի առաջին կիսամյակի վերլուծությունը, որում, ի թիվս այլ կետերի, տեղեկացրել է նաև, որ տվյալ ժամանակահատվածում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի առավել բարձր տոկոսաչափն արձանագրվել է Կենտրոն վարչական շրջանում՝ 19,3 տոկոս, իսկ ցածրը՝ Նուբարաշեն վարչական շրջանում՝ 0,6 տոկոս:

Բացի դա, Երևանում 2019 թվականի առաջին կիսամյակում անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների առավել բարձր՝ 20,5 տոկոսն արձանագրվել է դարձյալ Կենտրոն, իսկ առավել ցածր՝ 0,7 տոկոսը՝ Նուբարաշեն վարչական շրջաններում: 

Իսկ ի՞նչ պատկեր ունենք Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական գների տեսանկյունից, դրանք բարձրացե՞լ են, թե՞ նվազել և որո՞նք են գների տատանման պատճառները:

«Տնտեսական զարգացման նախաձեռնությունների» կենտրոնն անդրադարձել է այս հարցին, վերլուծել է մայրաքաղաքի բնակարանների շուկայական միջին գների դինամիկան, մասնավորապես՝ համադրելով 2018-2019 թվականների առաջին կիսամյակների տվյալները, իսկ վերլուծության արդյունքները տրամադրել է «Փաստ» օրաթերթին:

Վերլուծությունից պարզ է դառնում, որ 2019 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Երևանի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական գներն աճել են առնվազն 9,5 տոկոսով: 

«Բնակարանների շուկայական միջին գների ամենաբարձր աճն արձանագրվել է Կենտրոն վարչական շրջանում՝ 16,3 տոկոս: Կենտրոնին հաջորդում են Աջափնյակը՝ 11,6, Արաբկիրը՝ 11,1 և Դավթաշենը՝ 10,8 տոկոսներով, իսկ գների ամենացածր աճն արձանագրվել է Ավան վարչական շրջանում՝ 4,7 տոկոս:

ՀՀ բանկերի միջոցով տրված հիփոթեքային վարկերի ծավալները 2019 թվականի 1-ին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են շուրջ 3,7 անգամ, սակայն բազմաբնակարան շենքերում առք ու վաճառքի գործարքների քանակը կրճատվել է 5,33 տոկոսով:

Սա նշանակում է, որ հիփոթեքային վարկավորման պայմանների բարելավումը և գների թանկացումը հանգեցրել են ավելի քիչ քանակությամբ, բայց ավելի թանկ բնակարանների ձեռքբերման:

Մյուս կողմից, քանի որ ոչ միայն պետական, այլև ոչ պետական սեկտորի աշխատողների պարագայում ևս եկամտային հարկը կարող է արդեն ուղղվել միայն առաջնային շուկայից բնակարանների գնման նպատակով վարկերի մարմանը, ապա կարելի է ենթադրել, որ հիմնականում բնակարանները ձեռք են բերվել հենց առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից-խմբ.):

Հետևաբար՝ միջնաժամկետ հատվածում հնարավոր է, որ գների աճը հանգեցնի բնակարանների պահանջարկի կրճատմանը՝ հատկապես երկրորդային շուկայում:

Ավելի պարզ ասած՝ բնակարանների թանկացումը կարելի է պայմանավորել եկամտային հարկի վերադարձի օրենքի կիրարկմամբ՝ ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր հատվածի աշխատողների համար, երբ նրանք ձեռք են բերում բնակարան առաջնային շուկայից (նորակառույց շենքում), ինչպես նաև հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանների բարելավմամբ: 

Վերոնշյալն էլ իր հերթին նպաստում է նորակառույցներում ավելի թանկ գներով բնակարանների ձեռքբերմանը: Հետևաբար, գների բարձրացումը պայմանավորված է հիփոթեքային վարկով ձեռք բերված նորակառույց շենքերի բնակարանների գներով, որն էլ տարածվել է ամբողջ շուկայի վրա»,-ասված է վերլուծության մեջ:

Կենտրոնից պարզաբանում են՝ ստացվում է, որ բնակարանների գների աճը բացասաբար է անդրադարձել բնակարանների պահանջարկի վրա, ինչի հետևանքով առք ու վաճառքի գործարքների քանակը 2019 թվականի 1-ին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, կրճատվել է 5,3 տոկոսով:

Հետաքրքրվում ենք՝ այս դեպքում պետությունը կարո՞ղ է կարգավորել շուկան և զսպել բնակարանների գների բարձրացումը: Հակառակ դեպքում ստացվում է, որ վարկավորման պայմանները բարելավվում են, իսկ մյուս կողմից բնակարանների գները՝ թանկանում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Share: