Շուշիում մկրտվեցին Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները. ֆոտոշարք

Խաչվերաց տոնին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում մկրտվեցին Ապրիլյան պատերազմում անմահացած հերոսների քույրերը, եղբայրները, ինչպես նաև հերոսների անունները կրող հարազատները: Մկրտվողների կնքահայրերը ապրիլյան պատերազմի մասնակիցներն էին` զոհված հերոսների մարտական ընկերները:

Մկրտության գաղափարը «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» անդամներինն էր, «Gyumri.HighCLASS» հիմնադրամի նախագահ Ռուբեն Մխիթարյանն ու ընկերները օգնեցին այն գործի վերածել:

«Ես ու ընկերներս ուղղակի մեկ անգամ էլ ցույց տվեցինք, որ մեր հերոոս տղաներին պետք է հիշել ոչ թե առիթից առիթ, այլ ամեն օր», -նշեց  Ռուբեն Մխիթարյանը:

Մկրտությանը մասնակցում էին Ապրիլյան պատերազմի մասնակից 40 կնքահայրեր, 90 սանիկները և նրանց ընտանիքների անդամները:

«Որեւէ բան չի կարող  այս ընտանիքների հուշերից վերացնել այդ ցավը: Բայց մենք կարող ենք թեթեւացնել այն՝ լինելով նրանց կողքին ու թիկունքին՝ թեկուզ որպես կնքահայր»,-նշեց «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» անդամ Շուլի Հակոբյանը:

Մեծ կնունքին ներկա էր  նախագահ  Բակո Սահակյանը՝ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ:  Մկրտությունը կատարվեց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ:

Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, որը սովորաբար լուռ է լինում, այդ օրը լցվել էր փոքրիկ Ռոբերտների, Արմենակների, Տիգրանների ճիչ ու ծիծաղով: Tert.am-ը ներկայացնում է ֆոտոշարք՝ մկրտության արարողությունից:

Share: