
ՀՀ երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի և փաստաբան Մուշեղ Շուշանյանի դեմ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Արմեն Գևորգյանի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Խոսքը վերաբերում է հուլիսի 7-ին aravot.am-ում լույս տեսած հոդվածներին, որտեղ փաստաբան Մուշեղ Շուշանյանը և ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը արտահայտություններ են հնչեցրել, որոնք մեր գնահատմամբ զրպարտություն և վիրավորանք պարունակող տեղեկություններ են և խաթարում են Արմեն Գևորգյանի անմեղ համարվելու սահմանադրական իրավունքները, այսինքն՝ անմեղության կանխավարկածի իրավունքը»,- նշեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Քննարկումն ընթացել է Յուրի Վարդանյանի գործի շուրջ, ըստ որի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել էր 1 միլիոն 600 հազար եվրո վճարել վերջինիս: «Այդ գործի շուրջ քննարկման ժամանակ փաստաբան Մուշեղ Շուշանյանը նշել է, որ հստակ տեղեկություններ կան, որ հենց Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավարն է ներգրավված եղել, մասնակցել կոռուպցիոն գործընթացներին: Քանի որ քննարկվող շրջանում աշխատակազմի ղեկավար է եղել պարոն Գևորգյանը, ուղղակիորեն կոռուպցիոն գործընթացներին մասնակցելու դրվագը վերաբերվում էր նաև իրեն: Իսկ Արուսյակ Ջուլհակյանը, նույն թեմայի շուրջ քննարկումը տանելիս, նշել է, որ Բյուզանդ փողոցում կառուցապատումն իրականացվել է կաշառքներ տալու, քաղաքացիներին զանգվածային ձևով ունեզրկելու, հակասահմանադրական որոշումներ ընդունելու միջոցով և խոսքի վերջում նշել է, որ այս ամենն իրականացվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի կոոդինացիայի ներքո»,- ասաց նա:
Կոչուբաևի խոսքով՝ սրանով խախտվել է Արմեն Գևորգյանի անմեղության կանխավարկածը: Նրանք դիմել են դատարան՝ երեք փաստ արձանագրելու համար:
«Այն, ինչ-որ հրապարակել են պարոն Շուշանյանը և տիկին Ջուլհակյանը, ամբողջությամբ զրպարտություն է, որով վիրավորել են նաև պարոն Գևորգյանին և խախտել իր անմեղության կանխավարկածի իրավունքը: Ընդհանուր առմամբ հայցի էությունը սա է»,- նշեց փաստաբանը և հավելեց, որ այս փուլում դեռ չունեն պատասխան, սակայն չի բացառում, որ շուտով կստանան: