Վարչապետը խոսնակների լիազորություններն իրեն է վերագրել

Fromnews.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Վարչապետ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որ Շրջակա միջավայրի նախարարի հետ քննարկումների արդյունքում հոկտեմբերի 1-ից կբարձրացվեն անատառապահների և անտառապետների աշխատավարձերը։ Ընդամենը մեկ օր առաջ նմանատիպ հանդիպում ԱԻՆ նախարարի հետ ունենալուց հետո գրառում կատարեց, որ բարձրացվելու են հրշեջ-փրկարարների աշխատավարձերը։ Միանգամայն ողջունելի որոշումներ են ինչ խոսք, մանավանդ հաշվի առնելով վերջին շրջանում հիշյալ աշխատակիցների մեծ ջանքերը։ Սակայն թերևս խնդրահարույց է տվյալ որոշումների կայացման ընթացակարգը։

Գնանք մի փոքր հետ ժամանակային առումով, հիշենք, թե ինչ էր ասում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը. ինստիտուցիոնալ ընդդիմություն, ինստիտուցիոնալ ճգնաժամ, ինստիտուտների կայացում, ինստիտուցիոնալ….։ Հայաստանում ինստիտուցիոնալ ճգնաժամի մասին վկայակոչող ղեկավարը իրեն է վերագրում ինստիտուտների գործառույթները, որոշումները կայացնում է և դրանց մասին հրապարակում ֆեյսբուքյան էջով։ Տպավորություն է ստեղծվում, որ նախարարներին հաջողվել է համոզել աշխատավարձերի բարձրացման հարցում և դրանք կբարձրանան։ Մեկ այլ նախարարի էլ գուցե հաջողվի։ Հասկանալի է, որ որոշումների նման կայացումը և հրապարակումը այլ նպատակ ունի, ներկայացնել իրեն որպես սոցիալական հարց լուծող ղեկավար, փոխարենը դանդաղ արժեզրկվում է ինստիտուտների դերը։

Այս որոշումները դիտարկենք այլ ասպեկտով։ Նման որոշումներով հասկանալի է դառնում, որ կառավարությունն ու ղեկավարը առաջնորդվում են այսրոպեական առաջնահերթություններով։ Եթե Հայաստանում հրդեհներ են, փրկարարները մեծ ծավալի աշխատանք են անում, ուրեմն «լավություն» անենք բարձրացնենք։ Այնինչ այս ամենը պետք է լիներ կազմակերպված, նախօրոք ծրագրված, կառավարության համապատասխան որոշումներով, ծախսերը հաշվարկելուց հետո։ 
Բացառելի չէ նաև տարբերակը, երբ այլ գերատեսչության աշխատակիցները խնդրեն իրենց ղեկավարին, որպեսզի վերջինս բարեխոսի իրենց աշխատավարձերի բարձրացման համար: Արմատանում է կարծրատիպ, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն երկրի ղեկավարի ցանկություններին համապատասխան և նրա կաբինետում, իսկ այստեղ դանդաղ փոշիանում է ինստիտուտների դերը։ 
«Ժողովրդի վարչապետը» անխոս արդեն համարյա բոլոր գերատեսչությունների խոսնակների լիազորությունները իրեն է վերագրել օրական 3-6 գրառում կատարելով զբոսաշրջության, թատրոններ այցելությունների և այլ ոլորտների մասով։

Ռոզի Միքայելյան

Share: