Բժշկական թափոնները չխառնե՛լ կենցաղայինի հետ. ԱՆ զգուշացումը

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում հետազոտության, բուժման, բուժկանխարգելիչ աշխատանքների, ինչպես նաև գիտական հետազոտությունների արդյունքում առաջանում են յուրատեսակ թափոններ՝ բժշկական թափոններ:

Այդ թափոնները դասվում են վտանգավոր թափոնների շարքին: Ինչպես  հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, դրանց անվտանգ գործածությունը սահմանված է առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» սանիտարական կանոններով և նորմերով: Բժշկական թափոնների սխալ գործածությունը կարող է ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցություն ունենալ հիվանդների, առողջապահության համակարգի աշխատողների և շրջակա միջավայրի վրա: Այդ պատճառով արգելվում է բժշկական թափոնները խառնել կենցաղային թափոնների հետ: Թափոնների ցանկացած տարողություն կամ բեռնարկղ, որը պարունակում է կենցաղային թափոնների և վտանգավոր բժշկական թափոնների թեկուզ աննշան քանակության խառնուրդ` դիտվում է որպես վտանգավոր բժշկական թափոն:

Վարակիչ բժշկական թափոնները դրանց գոյացման վայրում անմիջապես պետք է առանձնացվեն այլ  թափոններից, այդ թվում՝ կենցաղային թափոններից, տեղադրվեն դրանց հավաքման համար հատուկ նախատեսված և մակնշված տարողությունների մեջ, հեռացվեն և վնասազերծվեն միայն օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված կազմակերպությունների կողմից: Առողջապահության նախարարությունը հորդորում է՝ խստորեն պահպանել նշված սանիտարական կանոնների պահանջները և հիշեցնում, որ  սանիտարական կանոնների խախտման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված է վարչական տույժ: 

Share: