Եռաբլուրում կատարվածը նախ և առաջ ի ցույց դրեց մեր հասարակության հիվանդ արժեհամակարգը

Fromnews.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Եռաբլուրում շիրմաքարերի հանդեպ, մեղմ ասած՝ անհարգալից և անհասկանալի գործողությունը, որ բոլորիս ընկալումներով վանդալիզմ է և սրբապղծություն, նախ և առաջ ի ցույց դրեց մեր հասարակության հիվանդ արժեհամակարգը: Միմյանց հերթ չտալով՝ այդ հասարակության կարկառուն դեմքերը ձեռնամուխ եղան հայի անմրցելի տականքի, հայրենադավների, հայ թուրքերի դիմակները ևս մեկ անգամ պատռելու ազգանվեր գործին: Զգայական այս մղումը, որ հրդեհի պես տարածվեց երկրով մեկ, թերևս բնական կլիներ, եթե չդառնար զառանցագին երկսայր մեղադրանք՝ մի կողմից ուղղվելով իշխանության, մյուս կողմից՝ հակահեղափոխական ուժերի դեմ:
Ամենքն ուզում էին, հոգու խորքում հույս էին փայփայում, առավել ագրեսիվները ջանք չէին խնայում՝ հիմնավորելու, որ այդ նողկալի, դատապարտելի, բանական մարդու ուղեղում չտեղավորվող արարքի հեղինակը ոչ այլ ոք է, քան իր գաղափարական հակառակորդը: Ամենքը սա շատ հարմար առիթ էին դիտում գաղափարական ճակատում հակառակորդին ճզմելու և ստորացնելու: 
…Բայց որքա՜ն մեծ եղավ ամենքի հիասթափությունը, երբ պարզվեց, որ այս գործողության հեղինակը ընդամենը սնոտիապաշտ մի կին է, որը ակնհայտորեն մտավոր ու հոգեկան խնդիրներ ունի…
Մեր հասարակությանը սա բոլորովին դուր չեկավ: Մեր հասարակությունը չի ուզում մեզ ալեկոծած քստմնելի իրադարձության այս պրոզայիկ լուծումը: Ուզում է, որ անպայման դավադրություն լինի այստեղ, անպայման ստորություն լինի, կանխամտածված սրբապղծություն լինի… Հասարակությունն ուզում է, որ միանգամայն ողջամիտ մարդիկ ներգրավված լինեն սրա մեջ, առաջնորդներ կազմակերպած լինեն այս նողկալի արարքը, որ նրանց անվանեն խելագար, տականք, թշնամի ու հայրենիքի դավաճան:
Սա նշանակում է, որ հասարակությանը դուր է գալիս անբուժելի հիվանդի կարգավիճակը, որը կենսունակ է բացառապես ատելության շնորհիվ:

Վասակ Դարբինյան

Share: