Քյարամ Սլոյանի եղբայրն իր նորածնին կոչել է Ռոբերտ՝ ի պատիվ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի

Ապրիլյան պատերազմին զոհված Քյարամ Սլոյանի հորեղբոր որդին՝ Նվեր Սլոյանը որդի է ունեցել, ում կոչել է Ռոբերտ՝ ի պատիվ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Քյարամ Սլոյանի եղբայրը՝ Համիկ Սլոյանը:

«Հորեղբորս որդու՝ Նվեր Սլոյանի երկրորդ որդին է ծնվել, ում կոչել է Ռոբերտ՝ ի պատիվ Ռոբերտ Աբաջյանի: Որդին լույս աշխարհ է եկել երեկ: Փոքրիկը Նվերի երկրորդ որդին է, առաջին որդուն կոչել է Քյարամի անունով»,-հայտնեց Քյարամի եղբայրը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Աբաջյանն ու Քյարամ Սլոյանը զոհվել են 2016 թվականի ապրիլի պատերազմում:

2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը ՀՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի պետական շքանշանով։

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով՝ Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան։ Աբաջյանը դարձավ 24-րդը, ով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը, ինչպես նաև տվյալ տիտղոսի ամենաերիտասարդ կրողը՝ (19 տարեկան)։

Share: