Ընկերաբար հորդորում եմ Նիկոլին իր ընտանիքի անդամներին հեռու պահել քաղաքականությունից

Fromnews.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Նիկոլ Փաշինյանի հայրը, խոսելով Իջևանում տեղի ունեցած հայտնի դեպքերի մասին, հայտարարել է. «Շատ ցավալի է, որ անգիտակից մարդկանց դրդեցին: Դա նրանց կազմակերպածը չէ, դա վերևից, հանրապետականների, Նիկոլի թշնամիների կազմակերպածն է»:

Փաստորեն, Նիկոլին պատկանող և Նիկոլի կնոջ կողմից ղեկավարվող թերթը հերիք չէր, հիմա էլ Փաշինյանի հայրն է լծվել իջևանյան դեպքերը Հանրապետականին վերագրելու անհիմն և անհեթեթ քարոզչությանը:

Դեպքերից շաբաթներ անց, ունենալով հսկայական իրավապահ համակարգ ու չունենալով մեզ վերագրվող պնդումների գեթ մեկ լուրջ ապացույց, Փաշինյանները ընտանյոք հանդերձ շարունակում են վարկաբեկիչ և շինծու քարոզարշավը:

Հիշատակված նախադասության մեկ այլ վտանգավոր դրվագ վերաբերում է «Նիկոլի թշնամիներ» արտահայտությանը: Երկրի ներսում ո՛չ մենք ունենք թշնամիներ, ոչ էլ Փաշինյանին դիտարկում ենք թշնամի: Նման բառապաշարն ատելության խոսքի դասական դրսևորում է Փաշինյանի հոր շուրթերից, ինչը լրջագույն անհանգստություն պիտի պատճառի հենց Նիկոլին:

Իսկ «անգիտակից մարդիկ» արտահայտությունն ընդհանրապես կգերադասեմ չմեկնաբանել, ընդամենը հիշեցնեմ, որ այդ «անգիտակից մարդիկ» են բերել Ձեր որդուն իշխանության:

Ընկերաբար հորդորում եմ Նիկոլին իր ընտանիքի անդամներին հեռու պահել քաղաքականությունից։ Դա ճիշտ չէ ո՛չ մարդկային և ո՛չ քաղաքական առումներով: 

Եթե տիկինոջն արդեն անհնար է, ապա գոնե ընտանիքի մյուս անդամներին: Պետք չէ այդ մարդկանց թիրախ սարքել և ներքաշել քաղաքական պայքարի մեջ:

Արմեն Աշոտյան

Share: