Սևանա լճի ափին 1905 մետրից ցածր գտնվող շինությունները քանդվելու են. նախարար

Շաբաթ օրը ինքս կլողամ Սևանում, ես վտանգ չեմ տեսնում այդտեղ. կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Այն ցուցանիշը, որ ունենք լրացուցիչ թափանցիկության, ջրի որակի բարձրացման առումով՝  շատ էական են: Կարևոր բան նշեմ՝ տարի միայն 100 մլն խորանարդ մետր միջինից ավել գոլորշացում է եղել, 40 մլն-ով էլ քիչ տեղումներ է եղել: Այսինքն՝ 140 մլն խորանարդ մետր քիչ ջուր է լցվել, ինչը Սևանի մակարդակի 10 սմ-ն է»,- ասաց նա:

Գրիգորյանը նշեց, որ երկու հարց ունեն լուծելու՝ պետք է բարձրացվի ջրի մակարդակը և լիճ թափվող կեղտաջրերի քանակը պետք է նվազեցվի:

Ինչ վերաբերում է հարցին, թե Սևանի ափամերձ հատվածում նախկին պաշտոնյաների կառուցած առանձնատները ինչու՞ չեն քանդվում, չէ՞ որ Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացումը կապված է նաև այդ խնդրի հետ, Գրիգորյանը մեկնաբանեց.

«1905 մետրից ցածր գտնվող բոլոր 4800 շինությունները, բացառությամբ խորհրդային միությունից մնացած որոշ պոմպակայանների, բոլորն ապօրինի են: Քանդելու հետ կապված՝ ֆինանսական ծախս կա, որը մենք հաշվարկել ենք և կառավարությանը տվել 1 քառակուսի մետրի քանդելու արժեքը: Սակայն այդ շինությունների տերերն էլ պարտավորություններ ունեն: Կոնկրետ ապօրինի շինություն կառուցողը պետք է լինի հենց քանդողը: Եթե չի քանդում, նոր պետությունը դա պետք է անի, բայց եթե կա սեփականատեր, ինչո՞ւ պետք է պետությունը ծախսի քանդման աշխատանքների գումարը»:

Գրիգորյանը տեղեկացրեց, որ այդ ապօրինի շինությունները հավաքագրված են և ներկայացված են վարչապետի աշխատակազմ:

Share: