Հայկոն իսկապես մտածում է, որ ինքը գործիչ է կամ գործոն, որի դեմ պետք է պայքարե՞լ, իրո՞ք

Fromnews.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Ուրեմն՝ Կարգին Հայկոն հարցազրույց է տվել, որտեղ փորձել է բացատրել, թե ինչու է Երևանը դարձել աղբանոց բաց երկնքի տակ, ու բերել երկու պատճառ՝ «Սանիթեքի» վատ աշխատանք ու պատվիրված նոր մեքենաների անբավարար քանակ։ Ու երկար-բարակ խոսել է, թե ինչպես եղավ, որ «Սանիթեքը», որ լավ էր աշխատում նույնիսկ 2018 թվականի ապրիլ-մայիսին, հանկարծ սկսեց վատ աշխատել 2019-ի փետրվարից սկսած։

Նախ՝ էդ 5 մեքենաները, որ հիմա աշխատում են, բլեֆ է։ Ծանոթներիցս մեկը պատմում է, որ էդ 5-ից ընդամենը 1-ն է աշխատում. 2-ի մոտ ինչ-որ սարք է փչացել, 2-ը ֆիզիկապես վնասվել են։ Մեկն էլ դուրս է գալիս ոչ թե աղբ հավաքելու, այլ ֆոտոսեսիայի։

Ինչ վերաբերում է «Սանիթեքին», ապա Հայկոն խոստովանեց, որ իրենց աշխատակիցներն ամեն օր ընկերությունում են և վերահսկում են, որ բավարար քանակի մեքենա դուրս գա աշխատանքի։ Մի կողմ թողնենք, որ, ըստ էության, դա աշխատանքի միջամտություն է, որ ընկերության հետ պետք է բանակցել, պահանջել, այլ ոչ թե միջամտել։ Հարցը դա չէ։ Հիմա Հայկն իր ամբողջ ներուժը ներդրել է, որ «Սանիթեքին» վռնդի և պետական ընկերության միջոցով անի աղբահանությունը։

Հայկոն տարածում է հերթական միֆը, ու դրանում համոզվելու համար երկար պետք չէ սպասել։ Մնացած հարցերի վերաբերյալ խոսելն անիմաստ է։ Տրանսպորտի խնդրի վերաբերյալ մեկ բառ անգամ չասաց, որ հետազոտությունը, որի ռեկոմենդացիաների հիման վրա պետք է փոխել հանրային տրանսպորտը, իր շնորհքը չէ, այլ դա սկսվել է դեռ երկու տարի առաջ Տարոն Մարգարյանի ժամանակ։ Հայկն ասում է, որ օպերայի մեկուկես կաֆե մոնտաժվեց, որովհետև անհարիր երաժշտություն է հնչում, ու ոչ ոք չասաց, որ ախր էդ երաժշտությունը հիմա էլ կա։

Ու ամենակարևորը. Հայկոն պնդում է, որ ոչ թե իր նկատմամբ կա վատ վերաբերմունք, այլ իրականում նախկին իշխանությունը միլիոններ է ծախսում Ֆեյսբուքում իր դեմ արշավի համար։ Բայց մի հատ հարց. ինչի՞ պետք է ծախսել միլիոններ, երբ քաղաքի լուսանկարներն անվճար հակագովազդ են, առավել ևս, որ ծախսելու մասով ոնց որ հետ չեք ընկնում։ Հենա 56 մլն դրամ Հայկոն բոլորին տվել է պարգևավճար՝ 200 հազարից մինչև 956 հազար։ Ու չես հասկանում ինչի համար՝ քաղաքը հետևողականորեն կեղտի մեջ պահելո՞ւ, թե՞ առնետներին բազմացնելու համար։ Կամ էլ մեկը հարցնի՝ ով ես դու, որ քո դեմ պայքարեն։ Հայկոն իսկապես մտածում է, որ ինքը գործիչ է կամ գործոն, որի դեմ պետք է պայքարե՞լ։ Իրո՞ք։

Ավետ Ավանեսով

Share: