«Մենք իրավունք չունենք մենակ-մենակ, առանց Ձեզ վայելելու հեղափոխության պտուղները». Միհրան Հակոբյանը դիմել է Սերժ Թանկյանին

Fromnews.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,

Ձեր փափագած, Ձեր անմիջական մասնակցությամբ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն այլևս իրականություն է: Մենք իրավունք չունենք մենակ-մենակ, առանց Ձեզ վայելելու հեղափոխության պտուղները, հատկապես որ ժողովրդի վարչապետի շուրջօրյա աշխատանքի արդյունքում իրականություն է դառնում նաև տնտեսական հեղափոխությունը, որի ամենավառ օրինակներից է Թեղուտի հանքավայրում աշխատանքների վերսկսումը:

Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան, Դուք միշտ Ձեր խոսքի տերն եք եղել, Ձեր խոսքը միշտ ծանրակշիռ է եղել, իսկական տղամարդու խոսք… Դուք տարիներ շարունակ անհանգստացել եք Թեղուտի համար, Հայաստանի բնության համար, անտառների համար և չեք ունեցել որևէ քաղաքական նպատակ, Հայաստանի նախկին չար ու նախանձ իշխանություններին քննադատել եք զուտ բնապահպանական նկատառումներից ելնելով` թքած չունենալով Հայաստանի բնության ու մասնավորապես` Թեղուտի անտառների վրա: Այո՛, Թեղուտն ուղղակի ճիշտ ձեռքերում չէր, Թեղուտը վտանգված էր, իսկ հիմա Թեղուտին ոչ մի վտանգ չի սպառնում, հիմա Թեղուտը ճիշտ և հոգատար ձեռքերում է:

Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան, ժողովրդի վարչապետի ջանքերի շնորհիվ Թեղուտի հանքավայրը շահագործվում է, և մենք մեզ վատ ենք զգում, որ առանց Ձեզ ենք ականատես լինում այդ հրաշքին: Խնդրում եմ, եկեք Հայաստան, եկեք միասին վայելենք Թեղուտը:

Միհրան Հակոբյան

Share: