Ո՞վ է Մասիվում սպանված «օրենքով գող» Անդիկը, և ինչո՞վ էր նա հայտնի

Հուլիսի 2–ին՝ ժամը 23։10-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Jeep մակնիշի ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ 46-ամյա Անդրանիկ Հարությունյանն էր, ով հիվանդանոց է տեղափոխվել իր բնակության վայրից։ Սպանված «օրենքով գող» էր,  քրեական աշխարհում ավելի շատ հայտնի է Անդո Խրոմոյ (Կաղ Անդո) կամ «Մասիվցի Անդիկ» կեղծանուններով: Անդրանիկ Հարությունյանը հիմնականում գործունեություն է ծավալել Մոսկվայում, որտեղ վերջին 10 տարվա ընթացքում մի քանի անգամ ձերբակալվել է, այդ թվում՝ ապօրինի կերպով թմրանյութ պահելու համար։

2009 թ. նա ՌԴ-ում դատապարտվել է 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման ՌԴ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։

Անդրանիկ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել նաև Հայաստանում։

Մասնավորապես, 2018թ. հունիսին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները խուզարկություններ էին կատարել մի շարք «օրենքով գողերի», այդ թվում՝ Մասիվցի Անդիկի բնակարանում։ Արդյունքում Անդրանիկ Հարությունյանը ձերբակալվել էր՝ թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով:

Նախնական տվյալներով՝ 2018թ. հունիսի 20-ին Անդրանիկ Հարությունյանի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել էր «Մեթադոն» տեսակի թմրամիջոց։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով։

Հարությունյանի սպանության առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը)  հատկանիշներով: Նրա դիակի վրա առկա է 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին։

Share: