
Շենգավիթի դատարանի բակում լրագրողների հարցին՝ որտեղից Ալեքսանդր Սարգսյանին (ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր) այդքան մեծ գումար, նրա որդին՝ Հայկ Սարգսյանը պատասխանեց՝ «Ձեզ ի՞նչ՝ աշխատել ենք»:
Դիտարկմանը՝ կասկած կա, որ դրանք պետական միջոցներից են գոյացել և բոլոր գործարարները նախկինում եկամտի 50 տոկոսը տվել են իրենց ընտանիքին, Հայկ Սարգսյանը հակադարձեց՝ փաստ ցույց տվեք: Այս մասին հայտնում է Tert.am-ը:
Հարցին՝ Հայկ Սարգսյանը ապօրինի զենք զինամթերք պահե՞լ է, պատասխանեց՝ երբեք:
Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իր բնակության վայրի` Երևանի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի P266 մոդելի ատրճանակով Դավիթ Աշոտի Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի և 34-104-րդ հոդվածի հատկանիշներով: