Հայաստանի ժուռնալիստների միությունն իր մտահոգություններն է ներկայացնում

Հայաստանի ժուռնալիստների միության մտահոգությունները ՀՀ արդարադատության նախարարության կողմից www.e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացրած մի շարք օրենքներում, այդ թվում՝ ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի մասին։ Ըստ նախարարության՝ նպատակն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար անվճար դարձնելն է: 

1) Նախ՝ մտահոգիչ է այն հանգամանքը, որ նախագիծը նախապես չի քննարկվել շահագրգիռ անձանց (ԶԼՄ-ների և լրագրողական համայնքի) հետ։ Խորապես համոզված ենք, որ զանգվածային լրատվության միջոցներին վերաբերող ցանկացած նախագիծ նախ և առաջ պետք է քննարկվի և համաձայնեցվի ԶԼՄ-ների և լրագրողների հետ։

2) Նախագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն վերաբերում է միայն նյութական կրիչի վրա թողարկվող (թղթային) ԶԼՄ-ներին և որևէ կերպ չի կարգավորում այն ԶԼՄ-ների գործունեությունը, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են բացառապես օնլայն տիրույթում (օրինակ՝ օնլայն լրատվական կայքեր)։

3) Կարծում ենք, որ ՀՀ-ում առկա է թղթային և օնլայն ԶԼՄ-ների կարգավիճակի հավասարեցման խնդիր։ Այս կապակցությամբ մի շարք ԶԼՄ-ներ դեռևս 2016թ. հայտարարություն են տարածել առ այն, որ թղթային եղանակով լույս տեսնող ԶԼՄ-ները ներկայումս գտնվում են անհավասար մրցակցային վիճակում՝ համեմատած օնլայն ԶԼՄ-ների հետ, որոնց մի մասը գործում է անվերահսկելի դաշտում, չունի իրավական կարգավիճակ և զբաղվում է գրագողությամբ, ուստի ժամանակն է, որ կարգավորվի օնլայն լրատվամիջոցների դաշտը։ Ամբողջական հայտարարությունը հասանելի է հետևյալ հղումով։ Այս կապակցությամբ պետք է նշել, որ քննարկվող նախագիծը ոչ միայն չի լուծում առկա խնդիրները, այլև ևս մեկ անգամ անհավասարության նշան է դնում թղթային եղանակով լույս տեսնող ԶԼՄ-ների և օնլայն ԶԼՄ-ների միջև։

4) Կարծում ենք, որ ԶԼՄ-ների հաշվառման համակարգը պետք է լինի ավելի ճկուն, քան նախագծով առաջարկվող համակարգն է։

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

Share: