
Սոցկայքերում և դրանցից դուրս հասարակական կարծիքը շատ ուժեղ է ազդում մարդկանց հոգեբանության վրա, վստահ են «Լուսնյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:
«Վերջերս, մենք առնչվեցինք մի դեպքի, երբ 17 տարեկան աղջնակը հասարակական կարծիքի քննադատության պատճառով գնաց ինքնասպանության»,-նշում է ՀԿ նախագահ Տիգրանուհի Կարապետյանը:
Խնդրի մասին կազմակերպությունը նախաձեռել է քննարկում՝ «Հասարակական կարծիքի ազդեցությունը՝ հանրությանը հայտնի անհատների հոգեբանության վրա» թեմայով: Հյուրերը պաշտոնյաների կանայք և կին պաշտոնյաներն են:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կինը, araratnews.am կայքի գլխավոր խմբագիր Մարիամ Մարգարյանը ներկա էր այս քննարկմանը: Նրա խոսքով, իրենց ընտանիքի նկատմամբ ուշադրությունը բավական մեծ է, սակայն աշխատում են իրավիճակը սթափ գնահատել և կարծիքներից հետևություններ անել: