Թբիլիսիում ցույցերի մասնակից ՀՀ քաղաքացին ձերբակալվել է ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ կապի մեջ է Վրաստանի իմ գործընկերոջ՝ Հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ՝ Վրաստանում տեղի ունեցող հավաքների ու Ոստիկանության գործողությունների առնչությամբ։ Թաթոյանը գրել է. «Գործընկերոջիցս տեղեկացա, որ ձերբակալվածների թվում, իրենց տվյալներով, կա Հայաստանի մեկ քաղաքացի (անհատական տվյալներն այս փուլում հրապարակման ենթակա չեն)։

Նա 13 օր կլինի վարչական կալանքի տակ՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար։ Նրա կալանքի դատական նիստը մոնիտորինգի է ենթարկել նաև Վրաստանի հանրային պաշտպանի ներկայացուցիչը։ Մեզ են փոխանցվել ձերբակալվածի ազգականի անհատական տվյալները, ում հետ մենք նույնպես կապի մեջ կլինենք։

Շնորհակալ եմ գործընկերոջիցս համագործակցության ու արդյունավետ համատեղ աշխատանքի հանար։

Վրաստանի մեր բարեկամներին մաղթում եմ երկրում ստեղծված իրավիճակի արագ ու խաղաղ հանգուցալուծում»։

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանում ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի (Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ)՝ խորհրդարանի խոսնակի աթոռին նստած ելույթ ունենալուց հետո բողոքի ալիք է բարձրացել երկրում: Հազարավոր ցուցարարարներ փորձել են գրոհել խորհրդարանի շենքը, որից հետո տեղի ունեցած բախումների ժամանակ 240 մարդ տուժել է, 305 մարդ՝ ձերբակալվել:

Share: