Բաքվում չեն մոռացել Մխիթարյանի «վատություններն» Ադրբեջանին

Fromnews.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հեռադիտակից օգտվել չիմացող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն անդրադարձել է հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին։

«Հայերն իրենց քաղաքականությունը կառուցում են ֆուտբոլիստ Մխիթարյանի շուրջ։ Ես՝ որպես ֆուտբոլով չհետաքրքրվող մարդ, հետաքրքրվեցի, թե ով է այդ Մխիթարյանը, և իմացա, որ նա 90 տոկոս ժամանակը անցկացնում է պահեստայինների նստարանում։ Նա խաղացող է, որը գրոշի արժեք չունի։ Ու այստեղ գալ նա չէր էլ պատրաստվում, և նրա թիմն այստեղ պարտվեց»,- բարբաջել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարը։

Հայատյացությամբ հայտնի սույն կերպարը, որքան հասկանալի է, ահավոր նեղսրտած է մայիսի 29-ին Բաքվում տեղի ունեցած Եվրոպայի լիգայի եզրափակչի «Արսենալ»-«Չելսի» խաղի շուրջ ծավալված սկանդալներից, որին չէր մասնակցել Հենրիխ Մխիթարյանը։

Հիշեցնեմ, որ միջազգային մամուլը և տարբեր ոլորտների բազմաթիվ գործիչներ խիստ քննադատության ենթարկեցին ապշերոնյան սուլթանի վարչակարգին Ադրբեջանում հայատյացություն սերմանելու և ոչ ժողովրդավար լինելու համար։ Միլիոնավոր դոլարներ այս խաղի անցկացման մեջ ներդրած Ալիևներն, ովքեր Բաքվում կազմակերպելով Եվրոպայի լիգայի եզրափակիչը փորձում էին գովազդել սեփական ընտանիքը և Ադրբեջանը, ավելի մեծ խնդիրների մեջ ընկան և հայտնվեցին համաշխարհային ԶԼՄ-ների խիստ քննադատության կիզակետում, քանի որ «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու այցն անհնարին էր Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության և հակահայ քաղաքականության պատճառով։

Բաքվում չեն մոռացել Մխիթարյանի «վատություններն» Ադրբեջանին և որոշել են ՊՆ ղեկավարի մակարդակով «շնորհավորել» Հենրիխին ամուսնության կապակցությամբ, որն ավելի շատ լուսաբանվեց միջազգային սպորտային ԶԼՄ-ների կողմից, քան Բաքվում տեղի ունեցած «Արսենալ»-«Չելսի» խաղը։

Զավեշտալին այն է, որ Հասանովի զառանցաքներն՝ արված Մխիթարյանի հասցեին, մեծ ուրախությամբ տարածվում են ալիևյան ԶԼՄ-ների կողմից, որոնք հատուկ նշում են, որ «գրոշի արժեք չունեցող» Մխիթարյանի համար «Արսենալը» վճարել է 30 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Ազեր-կոյունլուների նախանձը հայերի նկատմամբ ավելի է սրանում։ Բաքվում հասկանում են, որ նավթախավիարային քաղաքականության և դիվանագիտության շնորհիվ կարող են շատ բան գնել, բայց սեփական տաղանդներ պատրաստել չեն կարող։ Դե, Հենրիխ Մխիթարյանը նրանցից մեկն է, ով հանգիստ չի տալիս նույնիսկ պարկետային գեներալ Հասանովին։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/417384779106540?_rdc=1&_rdr

Share: